Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում եք՝ Կիրանցի դպրոցի մոտ ծառեր տնկեք, ուրեմն Ազգային ժողովում էլ անվտանգության աշխատողներին հանեք, ծառեր տնկենք»․ Գառնիկ Դանիելյան

Մայիս 21,2024 14:01

ԱԺ նստաշրջանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասաց․ «Կիրանցի բնակիչներն ինձ պատվիրակել են լինել Ազգային ժողովում եւ ԱԺ ամբիոնից ներկայացնել այն ամբողջ ողբերգությունը, որը տեղի է ունենում իմ հայրենի Տավուշի մարզում»։

«Ամիսներ շարունակ Կիրանցի, Ոսկեպարի, Բաղանիսի մեր հայրենակիցներն ապրում են ողբերգական օրեր, որոնք մեզ բոլորիս մտածելու, վերարժեւորելու, իրապես հասկանալու եւ այս ողբերգությունների շղթան դադարեցնելու հիմք են տալիս, մի պահ կանգնելու եւ հասկանալու՝ մենք որտեղ ենք գնում, ինչ է կատարվում եւ այսպես ինչքան պետք է շարունակվի։ Սա միակողմանի զիջում է՝ Ադրբեջանը պահանջել է, Հայաստանն այդ պահանջները բավարարել է։ Եվ սա ոչ թե առվակի կամ բլուրի խնդիր է, կոնկրետ մարդկանց կոնկրետ ճակատագրերի մասին եմ ես ուզում խոսել»,- ասաց պատգամավորը։

Գառնիկ Դանիելյանը Կիրանցի քարտեզն էր բերել խորհրդարան եւ ամբիոնից ցուցադրելով՝ ասաց․ «Սա պատմական Կիրանց գյուղն է։ Կարմիր գծով գծված է այն բաժանարար գիծը, որը պետք է բաժանի գյուղը երկու մասի՝ ադրբեջանական եւ հայկական։ Ինձ մոտ կան 50 եւ ավելի վկայականներ, 50 եւ ավելի մարդկանց ճակատագրեր։ Հիմա կասեն՝ կադաստրի վկայականները սխալ են տրվել, այդ մարդը, որ պապուց ժառանգել է, սխալ է ժառանգել, մի հատ գտեք պապին։ Պապին գտնենք, կասեն՝ պապու պապին գտեք, կեղծ է։ Այսինքն՝ մարդը ժառանգել է, իր պապական օջախն է եղել, այսօր ասում են՝ դա քոնը չէ, Ադրբեջան է։ Դպրոցն ու եկեղեցին քոնը չէ, Ադրբեջան է, սրա հետ պետք է հաշտ լինեք, պետք է խոնարհվեք ադրբեջանցիների առաջ եւ ընդունեք։ Լավ, բերեցիք, ժողովրդին ծեծելով ու ջարդելով, ադրբեջանցիներին տեղավորեցիք, ջարդեցիք այդ մարդկանց՝ անչափահասներին, ծերերին, կարմիր բերետավորներ ուղարկեցիք, բա անվտանգության հարցը։ Մարդիկ հարցրել են՝ բա մեր անվտանգությունը ո՞նց պիտի ապահովեք, ասում եք՝ ծառ տնկեք։ Ազգային ժողովում անվտանգության աշխատողներ կան, այդ անվտանգության աշխատողները թող դուրս գան, այստեղ ծառեր տնկենք, սաղ տեղերը ծառեր տնկենք, անվտանգությունն ապահովված կլինի։ Աբսուրդին էլ չափ ու սահման կա, չի կարելի սեփական ժողովրդին ծաղրանքի ենթարկել։ Հարցնում են՝ բա որ ադրբեջանցին այդ ծառն անցնի, ասում եք՝ 7 օր կարա չանցի, բայց 8-րդ օրը կարող է անցնի, մենք անվտանգությունը չենք ապահովում»։

Գառնիկ Դանիելյանը հավելեց․ «Հազարավոր ոստիկաններով, ծեծ ու ջարդով երեկ պիլոտային ծրագիր իրականացրիք, «փառք ու պատվով» երեք հատ սյուն եք դրել, կողքն էլ «Ալֆա» ջոկատը նստած է։ Հաղթանդամ տղաներն այդ սյունը հսկում են,որ հանկարծ չհանեն։ Ձեր ասածն այն է, որ Հայաստանը կադաստրի վկայական չունի, բայց այս մարդիկ իրական կադաստրի վկայական ունեն, պապենական ապրել են այդ հող ու ջրի վրա, դա իրենց հողն ու ջուրն է, եւ որեւիցե մեկը չի կարող ուրիշ բան ասել։ Արցախը տնավեր սարքեցիք, Արցախը հանձնեցիք Ադրբեջանին, հիմա էլ եկել է Տավուշի հերթը։ Գնացե՞լ եք Կիրանց, հանդիպե՞լ եք այդ ժողովրդի հետ, տեսնո՞ւմ եք՝ ինչ օրեր են ապրում այդ մարդիկ, ինչ վիճակում են»։

Գառնիկ Դանիելյանը նաեւ նշեց, որ սահմանին կանգնող ադրբեջանցիներն իրականում սահմանապահ չեն, վեց տարի է՝ Ադրբեջանն իր զորքերին սահմանապահի համազգեստ հագցրած ու մինչեւ ատամները զինված կանգնեցնում է սահմանին։ «Գյուղի մեջտեղում կանգնելու է, ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներին, ական չկա, պաշտպանական գիծ չկա, գալու է մի քանի օր հետո կանգնի։ Դրա դիմաց կանգնելու է մեր սահմանապահը, եւ դուք մտածում եք, որ դրանից հետո այդ գյուղերում ու տարածաշրջանում մա՞րդ է ապրելու, մեր ժողովուրդը կարողանալո՞ւ է այնտեղ անվտանգ ապրել, չէ, չի կարող ապրել։ Ես չեմ տեսնում որեւէ շանս՝ այնտեղ Ադրբեջանի հետ ապրելու։ Այդ մարդիկ արդեն «Արեւմտյան Ադրբեջանի» հեռուստատեսություն են բացում, մտածում են՝ ոնց պետք է անեն, որ ադրբեջանցիներին բերեն այստեղ բնակեցնեն, արդեն Վարդենիսի մասին են խոսում։ Այս մարդկանց պահանջներն անհատնելի են։ Եվ բոլոր այն մարդիկ, որոնք մտածում են, որ այս անգամ էլ հայրենիքի մի մասը տալով՝ որեւիցե Ադրբեջանի զսպելու են, չարաչար սխալվում են»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031