Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ են խոսել մարզպետը, Բյուրականի դպրոցի ուսուցիչներն ու ծնողը մարզպետարանում

Մայիս 21,2024 13:40

Արագածոտնի մարզի Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում օրերս գործադուլ եւ դասադուլ էր հայտարարվել՝ տնօրեն Լուսինե Մկրտչյանին տրված նկատողության չեղարկման պահանջով։ Ըստ կոլեկտիվի անդամների եւ ծնողների՝ անկուսակցական Լուսինե Մկրտչյանը մարզային իշխանությունների թիրախում էր հայտնվել ՔՊ-ական շրջանակներին չհարելու եւ իրենց հետ չաշխատելու համար, ուստի մարզային  իշխանությունները հնարավոր առիթներ են փնտրում նրան յուրայինով փոխարինելու համար:

Aravot.am-ի հետ զրույցում ծնողներից մեկն ասաց, որ մեկը բարեգործական հիմունքներով փորձել է վերանորոգել դպրոցի մասնաշենքերից մեկը, ինչը եւս առիթ է հանդիսացել, որ տնօրենին մեղադրեն առանց մարզային իշխանությունների գիտության գործելու մեջ:

Aravot.am-ի հետ զրույցում մեկ այլ ծնող՝ Ղազար Մահտեսյանը, որը 7 ուսուցիչների հետ միասին մայիսի 20-ին հանդիպել էր մարզպետի հետ, հետեւյալը նշեց. «Իրենք համոզված են, որ իրավաբանորեն ճիշտ են գործել, բայց ամեն ինչի պատճառը եղել է անձնական վիրավորանքն այն առումով, որ դպրոցում բավականին շատ լավ բաներ են եղել, բայց այդ մասին մարզպետին չեն տեղեկացրել: Սա էր խնդիրը, ի վերջո, որպեսզի փոխադարձ համաձայնության գանք, որոշվեց, որ ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի կոլեկտիվից ընտրված մեկը, ու որպեսզի իրավիճակն էլ ավելի չսրվի, առաջարկվեց, որ գործող փոխտնօրենը շարունակի որպես ժամանակավոր պաշտոնակատար աշխատել, մինչեւ դատական հայցով կդիմենք ու կհասկանանք՝ արդյոք իրավաբանորեն ճիշտ են վարվել, թե ոչ»:

Ղազար Մահտեսյանն ասաց, որ ինքը սրտացավ ծնող է, որեւէ շահագրգռություն չունի այս պատմության հետ կապված, պարզապես գնացել էր մարզպետարան՝ հասկանալու, թե ինչու պետք է Վերջին զանգից առաջ տնօրենին հեռացնեն աշխատանքից. «Որպես ծնող գերազանց եմ բնորոշում գործող տնօրենի աշխատանքը, մարդ, որի աշխատանքի շնորհիվ ամենօրյա ռեժիմով դպրոցն ավելի լավն է դարձել»: Նա նաեւ ընդգծեց, որ պետք է գործել երեխաների շահերից ելնելով, որոնք առաջիկայում պետք է ընդունելության քննություններ հանձնեն:

Ցանկանում էինք թեմայի եւ զարգացումների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ նաեւ Արագածոտնի մարզպետարանից, սակայն ոչ մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, ոչ մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի հետ հնարավոր չեղավ կապվել, մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան:

Ավելի վաղ, լրատվամիջոցներից մեկի այն հարցին, թե ինչու են ցանկանում ազատել տնօրենին, մարզպետարանի աշխատակազմից հետեւյալ մեկնաբանությունն էին տվել․ «Արագածոտնի մարզի Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Լ․ Մկրտչյանը ստացել է 2-րդ նկատողությունը, ինչը, ըստ օրենքի, տնօրենի պաշտոնից ազատման հիմք է։ Հայտնում ենք, որ նկատողությունը տնօրենը ստացել է աշխատանքային կարգապահությունը խախտելու հիմքով։

Մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների ստուգայցի ընթացքում արձանագրվել է, որ աշխատանքային ժամին, տնօրենը և որևէ այլ վարչական աշխատող դպրոցում չեն եղել՝ տնօրենի կողմից խախտվել են ուսումնական հաստատությունում ներքին կարգապահական և աշխատանքային ռեժիմի պահպանման կանոնները։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ որոշ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններն առ այն, որ տնօրենին պաշտոնից ազատելու հիմքը քաղաքական է կամ այլ՝ չի համապատասխանում իրականությանը։ Արագածոտնի մարզպետի աշխատակազմն աշխատանքում առաջնորդվում է բացառապես օրենքով»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031