Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստվածաշնչի մեջ է ասված՝ իմ հոր տունը մի սարքեք առեւտրի տեղ, քաղաքականությունը առեւտուր է». Ալեն Սիմոնյանը՝ Բագրատ Սրբազանին

Մայիս 21,2024 13:19

«Նույն ուժերն են, թե ինչ կերպարանքով հանդես կգան, արդեն նախասիրության հարց է: Որեւէ նոր բան այստեղ չենք տեսնում, անսպասելի ու անծանոթ բան չենք տեսնում: Անցյալում ինչ պրոցեսներ եղել են, նույնի կրկնությունն է, Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ Սրբազանով»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա ասաց, որ նույն մարդիկ են շարժում անում, նույն օրակարգն է ու նպատակները նույնն են. «Ինչի՞ պետք է մենք դրա մասին մտածենք: Քաղաքական ընդդիմությունը քաղաքական հայտ է ներկայացրել: Մենք նոր էմոցիա դրա հետ կապված չունենք»:

Նա ասաց, որ Փաշինյանի հետ քննարկել են իրավիճակը իրենց թիմով, բայց՝ ամենասկզբում, հիմա զբաղված են սահմանազատման, սահմանագծման աշխատանքներով, իրենց գործերով:

Արձագանքելով Բագրատ Սրբազանի խոսքին, որ ճշմարտությունը կհաղթի ստին ու Հանրապետության հրապարակում ցուցադրված տեսանյութին, որտեղ ջրի երես էին հանվել «Փաշինյանի ստերը», Ալեն Սիմոնյանն ասաց. «Բացարձակ մանիպուլյացիա է, կոնտեքստից կտրել, բռնել տարբեր քաղաքական ժամանակահատվածում ինչ-որ բաներ համեմատել այսօրվա հետ, դա աբսուրդ է: Դա մանիպուլյացիա է, փորձում են լայն մասսաների վրա ազդեցություն ունենալ: Իրականությունը ժամը մեկ փոխվում է, այլ իրականության մեջ ենք հայտնվում ու փորձել համեմատել 5, 6, 7 տարվա հայտարարությունները եւ ասել՝ բա էն օրը դուք այն էիք ասում, դա աբսուրդ է: Նույն Արցախի հետ կապված խոստումը եւ այլ գործողությունները, որ պատերազմից հետո այլ իրողություն են բերել, կամ այն, որ ԼՂ-ից բոլոր հայերը դուրս եկան, դրանք իրողություններ են, որոնք փոխում են: Արցախին հատկացվող գումարի հետ կապված օրինակ եմ բերում, խոսք ենք տվել, կարող եք ասել՝ բա խի՞ հիմա չեք հատկացնում»:

Երբ լրագրողները հիշեցրին իր խոսքը, թե ոնց էր Սերժ Սարգսյանին նախատում, որ փոխզիջմամբ հող է հանձնում, իսկ հիմա իրենք ինչ են անում՝ պատասխանեց. «2016-ին կար չընտրված իշխանություն, չէր ունեցել պատերազմ, չէր եղել ապրիլյան պատերազմը, դաշնակցի անհետացումը: Մեր վերաբերմունքը հայրենիքի հանդեպ երբեւիցե չի փոխվել, դրա համար են մարդիկ գնացել ու էլի ընտրել»:

Հարցին՝ բացառո՞ւմ եք, որ մի ընթացք գա,որ իշխող ուժն ընդունի սրբազանի առաջարկած հաշտության ձեռքը՝ նա պատասխանեց. «Դա աբսուրդ է, ի՞նչ եք խոսում, ո՞ւմ հետ հաշտվեմ, ներողություն, նախ իմ համար ահավոր անընդունելի է, որ եկեղեցականն ու եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ»: Դիտարկմանը այսինքն, պետք է անտարբեր նայի, թե ինչպես է ապօրինի սահմանազատո՞ւմ արվում՝ նա պատասխանեց. «Անտարբեր նայելն ու քաղաքականությամբ զբաղվելը տարբեր բաներ են: Աստվածաշնչի մեջ էլ է ասված՝ իմ հոր տունը մի սարքեք առեւտրի տեղ, քաղաքականությունը առեւտուր է»:

Ըստ Ալեն Սիմոնյանի, եկեղեցին իր գործը թողած՝ զբաղվում է առեւտրով. «Անընդունելի է եկեղեցու պատարագները վերածելը քաղաքական միտինգների, պատարագների շղարշի տակ միտինգներ անելը: Աստվածաշնչում է գրված՝ Կեսարինը՝ Կեսարին, Աստծունը՝ Աստծուն: Հիմա մենք մտնեինք եկեղեցու դաշտ, պիտի ասեն՝ ինչի եք մտնում: Մարտի 1-ին, որ Ռոբերտ Քոչարյանը մարդ էր գնդակահարում, մարդիկ գնացել էին կաթողիկոսի մոտ, ոչ մի բան չարեց էդ մարդը, դուրս չեկավ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031