Փաստաբանների պալատում այսօր հրատապ ասուլիս է հրավիրվել՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունների հարցով:
Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի ներկայացմամբ՝ կառավարության հավանությանն արժանացած ու այսօր արդեն ԱԺ-ում քննարկվող փոփոխությունների նախագիծը շեշտակի թանկացումներ է բերելու իրավաբանական ու մասնավորապես փաստաբանական ծառայություններում:
«Փաստաբանական գործունեությունը ներառվում է հարկման դաշտում, այսպես ասած, բացասական դաշտում ԱԱՀ եւ շահութահարկի տիրույթում: Ունենում ենք բացասական հետեւանքներ ինչպես ՀՀ քաղաքացու, այնպես էլ փաստաբանության համար: Այս խնդիրը արծարծվել է տարբեր տարիներին, դեռեւս 2019-ին շրջանառության դրվեց, հետո հանվեց շրջանառությունից, այս տարի նորից դրվեց»,- ասուլիսի ժամանակ ասաց Բաբայանը:
Նրա խոսքով, նախագիծը դրվել է շրջանառության մեջ առանց որեւէ հիմնավորման, հիմնավորված չէր նաեւ կիրառության նպատակահարմարությունը: Ըստ նրա՝ նույնիսկ փաստաբանների պալատին հատուկ չէին տեղեկացրել, որ փոփոխություններ են արվում եւ փաստաբանական գործունեությունը ենթարկվելու է լրացուցիչ հարկման:
Կարդացեք նաև
Փոփոխությունների այդ նախագծին, ըստ Բաբայանի, ՄԻՊ-ը բացասական գնահատական է տվել, ինչպես նաեւ Արդարադատության նախարարությունն է բացասական կարծիք ներկայացրել, որովհետեւ թիրախում են հայտնվել նաեւ նոտարներն ու նոտարական գործունեությունը:
«Նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ քննարկվում է ԱԺ-ում, սա մեզ համար մտահոգիչ ու անընդունելի է: ՀՀ –ն ունի պարտականություն ապահովել իրավաբանական օգնության համապատասխան հարթակ, որ քաղաքացիները կարողանան օգտվել այդ հարթակից, այս նախագծի կիրառման արդյունքում իրավաբանական եւ փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը շեշտակի ավելանալու է 38 եւ ավելի տոկոս ծառայությունների թանկացում կունենանք: ՀՀ քաղաքացին որ ստանա իրավաբանական օգնություն, ստիպված է լինելու այդ ինքնարժեքի համար վճարել ավելին: Մոտ 250.000 գործ ունենք միայն դատարաններում, սա նշանակում է, որ 250.000 քաղաքացու միայն առնչվում է սա: Այս առումով պատկերացրեք՝ ինչ խնդրի առջեւ ենք կանգնելու:
Փաստաբանական գործունեության տեսանկյունից, փաստաբանները ստիպված են լինելու իրենց հարկային հաշվառումն իրականացնել բարդ ընթացակարգով, ինչը խնդրահարույց է: Այս օրենքի կիրառման դեպքում դժվարացվելու է կամ գրեթե անհնար է դառնալու անվճար իրավաբանական ծառայության մատուցումը, որովհետեւ փաստաբանը ստիպված է լինելու հարկը վճարել»:
Փաստաբանները հայտարարել են գործադուլ, բոյկոտել են այսօր դատական նիստերը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ