Լրահոս
Օրվա լրահոսը

Վարժական հավաքներին մասնակցելու համար քաղաքացին կծանուցվի 4 եղանակներով, չներկայանալու դեպքում՝ պատասխանատվության կենթարկվի

Մայիս 21,2024 12:38

ԱԺ նստաշրջանում քննարկվեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագիծը։ Պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ դրանով կարգավորվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների ու զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին տրվող պատշաճ ծանուցումների եղանակները։

Մասնավորապես, գործող օրենքով սահմանված է քաղաքացիների՝ իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցումների իրականացումը՝ փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով։ Սակայն հստակեցված չեն դրանց պատշաճ տրման ձեւաչափերը։

«Գործընթացի առավել հստակեցման, ինչպես նաեւ խնդիրների լուծման նպատակով առաջարկվում է քաղաքացու պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք սահմանել՝ առաջինը, ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում ծանուցագիրը ստանալու մասին քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացականը, փոստային կապի միջոցով ծանուցման դեպքում՝ ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելու հաստատող փաստաթուղթը կամ էլեկտրոնային հավաստումը, անհատական ծանուցման դեպքում՝ քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը։ Եվ վերջինը՝ հրապարակային ծանուցման դեպքում՝ օրենքով սահմանված ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքի տեղադրումը»,- ասաց Հրաչյա Սարգսյանը։

Պաշտպանության փոխնախարարը հավելեց․ «Մենք քաղաքացուն ծանուցելու ենք 4 տարբեր եղանակներով։ Առաջին եղանակը քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստն է, երկրորդ տարբերակը քաղաքացուն առձեռն հանձնելու միջոցով տարբերակն է, երրորդ տարբերակը փոստային առաքումն է։ Ապա, եթե առաջին երեք տարբերակներով պետությունը չի կարողանում քաղաքացուն ծանուցել, չորրորդ տարբերակով Ազդարար համակարգում տեղադրում է ծանուցման քաղվածք, որը տեղադրելուց հետո 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված։ Դրանից հետո չներկայանալու դեպքում կան պատասխանատվության ենթարկելու հիմքեր։ Կարծում եմ՝ սա մեզ հնարավորություն կտա ներգրավել համապատասխան թվով պահեստազորայիններ, որպեսզի կարողանանք լուծել մեր առջեւ դրված խնդիրը»։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հարցրեց․ «Ձեր ծանուցումների նպատակը քաղաքացուն պատասխանատվության ենթարկե՞լն է, թե՞ քաղաքացու հնարավոր ընդգրկումը»։ Հրաչյա Սարգսյանը պատասխանեց․ «Մեր նպատակն է, որպեսզի մենք կարողանանք վարժական հավաքներին ներգրավել, այլ ոչ թե պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին»։

Կառավարությունն առաջարկում է այս օրենքի նախագծի քննարկումն իրականացնել անհետաձգելի ռեժիմով։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031