«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը երեկ, չնայած ոստիկանական բազմաշերտ «պատին», այնուամենայնիվ մտավ Կիրանց գյուղ, հանդիպեց հավատացյալ իր ժողովրդի հետ։
Երեկոյան, երբ արդեն Սրբազանն ու իրեն միացած քաղաքացիները վերադառնում էին Երեւան, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն, ամփոփելով օրը, Aravot.am-ին ասաց. «Ծրագիրը միանշանակ հաջողվեց։ Եթե ուշադրություն դարձրել եք, Սրբազանը նախորդ օրը չասաց, թե գնում է ճանապարհը ճեղքելու, ոստիկանական պատ բացելու։ Սրբազանն ասաց, որ ինքը գնում է Կիրանցի իր ժողովրդին տեսնելու։ Եվ գնաց ու տեսավ։ Սրբազանը նաեւ Երեւանում ժողովրդին իրեն միանալու կոչ չէր արել, այլ ընդամենն ասել էր, որ ինքը գնում է, եւ եթե ցանկացողներ կան, կարող են իր հետ միասին գնալ։
Սա էր, որ հաջողվեց։ Նա գնաց, տեսավ իր ժողովրդին, իր զորակցությունը հայտնեց եւ վերադարձավ։ Այնպես որ, բացարձակապես խնդիր դրված չէր մեծաքանակ մարդկանցով գնալ, ինչ-որ բաներ հրահրել եւ այլն։ Հակառակը, մենք բազմիցս հայտարարել ենք, որ այս շարժումը հանուն հաշտության եւ հանուն համերաշխության է եւ մեր կողմից ոչ սադրանք է լինելու, ոչ անգամ բռնության կոչ։ Բոլոր գործընթացները լինելու են միայն սահմանադրության եւ սահմանադրականության շրջանակներում»։
Սուրեն Պետրոսյանը խոսեց նաեւ ոստիկանության գործողությունների մասին։ «Ոստիկանության գործողությունները ոչ միայն իրավաչափ չեն, նույնիսկ հակասահմանադրական են։ Երեկ էլ, երբ մենք մշակույթի գործիչների հետ եկանք այստեղ, եւ այսօր էլ նույն պատկերն է։ Երկու ուղղություններով բոլորին՝ Վրաստան, Ոսկեպար կամ այլ վայր գնացող-եկողներին, թույլատրվում է երթեւեկել միջպետական ճանապարհով, բացի մեզանից։ Եվ այն գործողությունները, բռնաճնշումները, որ իրականացնում է ոստիկանությունը, բառիս բուն իմաստով այլեւս նման է պետական ահաբեկչության։ Ես էմոցիոնալ հայտարարություն չեմ անում։ Տարբեր միջազգային կոնվենցիաների համաձայն, այն գործողությունները, որոնց հիմքում չկա որեւէ սահմանադրական նորմ կամ իրավական հենք, նման է պետական ահաբեկչության։ Պետությունը փաստացի այսօր զբաղված է մարդու տեղաշարժվելու իրավունքը ոտնահարելով։
Այսօր, ըստ էության, ոստիկանական պատնեշի առջեւ կանգնած քաղաքացիները եւ նրանց թիկունքում գտնվող գյուղացիները, կարելի է ասել, գտնվում էին պատանդառության մեջ։
Կարդացեք նաև
Մի բան էլ մնաց անհայտ. ոստիկանները, որ ճանապարհը փակելը հիմնավորում էին, իբր, անվտանգային նկատառումներով, մեզ էի՞ն պաշտպանում կիրանցցիներից, թե՞ նրանց մեզանից։ Թերեւս, իշխանությանը՝ ժողովրդից։
Եվ երկրորդ, որ մեկնաբանում են, թե սահմանազատման աշխատանքներով պայմանավորված վտանգ կա, ապա ինչո՞ւ կիրանցցիներին կամ ոսկեպարցիներին չեն տարհանել։ Այսինքն, նրանք պե՞տք է առերեսվեն այդ անհասկանալի վտանգների հետ։
Կարծում եմ՝ այդ ամենի նպատակը մեկն է, միակողմանի հանձնումը բռնի ուժով իրականացնելը, գյուղացիներին արտաքին աշխարհից մեկուսացնելը, որպեսզի նրանք հոգեբանական որեւէ աջակցություն, զորակցություն չստանան՝ այդպես կոտրելով նրանց պայքարի ոգին։ Բայց իշխանությունը լավ չի ճանաչում Տավուշի ժողովրդին»,-ասաց Սուրեն Պետրոսյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ