«Այս օրակարգում բացակայում են այս օրերին իսկապես հանրությանը հուզող օրակարգային հարցերը։ Ավելին, այս իշխանությունն ընդամենը շաբաթներ առաջ մերժեց սահմանազատմանն եւ սահմանագծման հարցով «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած նախագիծը, որը հնարավորություն պետք է տար հենց այստեղ, այս դահլիճում քննարկել այն կարեւոր հարցերը, որոնք առնչվում են մեր պետության, պետականության կարեւորագույն խնդիրների հետ»,- ԱԺ նստաշրջանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Հիմա այստեղից հայտարարություններ են անում, տարբեր լրատվամիջոցներով պիտակավորումներ են կատարում եւ ամենաայլանդակ բառապաշարն են օգտագործում տարբեր մարդկանց հասցեին,այդ թվում՝ Բագրատ սրբազանի։ Փորձում են վիրավորանքներ հասցնելով՝ իբր թե նսեմացնել շարժումը։ Դուք դրանով ձեր վախերն եք ընդամենը բացահայտում, ի ցույց դնում։ Եվ ձեր բերած փաստարկները որեւէ առնչություն չունեն մեր պետության անվտանգության հետ։
Ամենապարզ օրինակը բերեմ՝ նույնիսկ առանց հաշվի առնելու տարրական իրավական գիտելիքը, դուք օգտագործում եք «սահմանի վերարտադրություն» արտահայտությունը։ Հլա բացեք տեսեք՝ ՀՀ որեւէ օրենքում «սահմանի վերարտադրություն» հասկացություն կա՞։ Դուք այս ի՞նչ եք անում, դուք ոտնահարել, այլանդակել եք ոչ միայն իրավական համակարգը, քաղաքական, բարոյական համակարգերը, դուք ամեն ինչ տանում եք, հանձնում եք, ինչի՞ համար՝ ձեր աթոռների համար, որ մնանք այդ աթոռին կպած։ Կպեք, ինչքան կպնեք, այնքան կսոսնձվեք, բայց որ հեռացվեք, աթոռն էլ ձեզ հետ է հեռացվելու եւ փոխարինվելու է նորմալ ազգային աթոռով»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ