Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բարությունը միշտ գերիշխում է գեղեցկությանը». «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի 2023-24 ուսումնական տարին

Մայիս 21,2024 11:13

Հայրենիքից դուրս ապրող յուրաքանչյուր հայի առաջ միշտ ծառացած է եղել կարևորագույն մի խնդիր՝ ազգային ինքնության, մշակույթի, պատմության, մայրենի լեզվի պահպանումը և փոխանցումը հաջորդ սերունդներին: Մեր ինքնության պահպանման և մեր երեխաների հայեցի դաստիարակության հիմնաքարն է  մայրենի լեզվի ուսուցումը: Սփյուռքում գործող հայկական դպրոցների և Հայ առաքելական սուրբ եկեղեցու դերն ու նշանակությունը անգնահատելի է հայապահպանության գործում:

Ամերիկայի Միացյալ Նահանգների Բրբենք քաղաքում գտնվող առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդյանց Մայր Տաճարի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա հայկական դպրոցը, որը գործում է առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնությամբ, պատվով և մեծ պատասխանատվությամբ իրականացնում է իր ազգանվեր ու հայրենաշեն գործունեությունը: «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանի ակնառու ջանքերի և դասավանդող հմուտ ու փորձառու անձնակազմի անսահման նվիրվածության շնորհիվ, դպրոցի սաները ստանում են հայեցի որակյալ կրթություն: «Փոքրիկ Հրեշտակներ»-ը հայկական միօրյա ամենամեծ կրթական հաստատություններից մեկն է աշխարհում: Գալ ուսումնական տարվանից կրթօջախը դառնալու է յոթամյա, իսկ անցնող շրջանում դպրոցն իրականացնում էր կրթական հսկայածավալ բարեփոխումներ, որի արդյունքների մասին տնօրինությունը խոստանում է հայտարարել շատ շուտով։ Հարկ է նշել, որ այս տարվանից դպրոցին իր օգտակարությունն է բերում նաև համայնքի կրթական գործի երախտավոր կազմակերպիչներից Արփի Ավանեսյանը։

Յուրաքանչյուր ուսումնական տարվա ընթացքում վարժարանում ծրագրվում և իրականացվում են տարատեսակ միջոցառումներ: Եկեղեցու հովիվ, արժանապատիվ Տ․ Խաժակ քահանա Շահբազյանն ամեն շաբաթ պարտադիր անդրադարձ է կատարում ազգային և կրոնական տոներին: Երեխաները մասնակից են դառնում տարբեր արարողությունների և այդ շրջանակներում ծանոթանում են նաև ազգային խոհանոցին:     Դպրոցական օրը խանդավառ տոնի է վերածվում, հատկապես երբ սաները ներկայացնում են իրենց կատարած անհատական աշխատանքները:

Այս տարի 6-րդ դասարանի աշակերտներն ուսումնասիրեցին Երևանի Մատենադարանը, ծանոթացան հին ձեռագրերին և ներկայացրին իրենց ուսումնասիրությունները: 5-րդ դասարանի սաները հին մագաղաթների նմանությամբ ստեղծեցին իրենց ձեռագիր մատյանը, իսկ 4-րդ դասարանցիները՝ Զատիկի տոնին ընդառաջ, իրենց ձեռքերով պատրաստեցին հայկական ավանդական կերակուրներ և քաղցրավենիքներ: 3-րդ դասարանցիների անհատական աշխատանքները նվիրված էին հայրենի տանը և աշնան գունագեղ տեսարաններին: 2-րդ դասարանի սաները իրենց անհատական աշխատանքներում անդրադարձան աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին և ներկայացրին հայկական երաժշտական գործիքները, նվագարանները, մանրանկարչությունը, տարազն ու պարերը: Առաջին դասարանցիներն էլ պատրաստեցին իրենց ավանդական այբուբենը։Կրթօջախի սաները մի քանի անգամ մասնակցեցին նաև կիրակնօրյա պատարագներին և մանուկների օրհնության կարգին:

2023 թ․-ի դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Ս. Ծննդյան և Ամանորի տոնական հանդեսը: Այդ օրը ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդանիստ Ս. Ղևոնդյանց մայր տաճարում տոնական տրամադրություն էր տիրում: Աշակերտները գեղեցիկ կերպով ներկայացրին տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ ծնունդը: Երգեցին Ամանորին նվիրված երգեր և մեծ ոգևորությամբ դիմավորեցին Ձմեռ պապիկին, ով եկել էր բաղձալի հայրենիքից՝ իր հետ բերելով հայրենակիցների ջերմագին ողջույնները և հասակակից երեխաների բարեմաղթանքները սփյուռքահայ ընկերներին:

Սեպտեմբեր և ապրիլ ամիսներին ավանդաբար իրականացվում է խոնարհումի և հարգանքի միջոցառումներ՝ նվիրված հայ ժողովրդի ազատագրության համար մարտնչած նահատակների և սուրբ զոհերի հիշատակին։

Այս տարի ապրիլի 20-ին առանձնահատուկ նշվեց ցեղասպանության 109-րդ տարելիցը: Դպրոցականների խմբակային արտասանությունը և մի քանի աշակերտների անհատական ելույթներն անմոռանալի տպավորություն թողեցին ներկաների վրա: Սրբազան հոր առաջնորդությամբ հատուկ աղոթքից ու «Տերունական աղոթք»-ի միասնական երգեցողությունից հետո, բոլորը խոնարհեցին ծաղիկներ խաչքարի մոտ և ապա մշակութային ու ազգային ոգին շարունակվեց թևածել դասարաններում։

Ուսումնական տարին ամփոփվեց մայիսի 18-ին՝ տարեվերջյան ավարտական միջոցառումով, որը բաղկացած էր երկու մասից: Սկզբում մասնակցում էին առաջինից երկրորդ դասարանների սաները: Միջոցառումն սկսվեց արժանապատիվ Տեր Խաժակ քահանա Շահբազյանի ողջույնի խոսքով և «Տերունական աղոթք»-ով:

Այս տարվա հանդեսը տարբերվում էր նրանով, որ գեղարվեստական մասին  անմիջական մասնակից դարձան նաև դպրոցի նախորդ տարիների շրջանավարտները և հանրային դպրոցների այն աշակերտները, որոնք ամբողջ տարին կամավոր իրենց ծառայությունն են բերում վարժարանում: Հայրենիքին նվիրված իրենց ասմունքի մեջ անասելի սեր, ջերմություն ու կարոտ կար: Երիտասարդների հուզմունքն ու անկեղծությունը տեսնելով՝ ներկաները լցվել էին հպարտությամբ և Հայաստան աշխարհի վաղվա օրվա նկատմամբ հավատով ու լավատեսությամբ:

Ավարտին առաջին դասարանի աշակերտներն ստացան «Տառաճանաչության» վկայականներ։

Հանդիսության երկրորդ մասն սկսվեց երրորդից վեցերորդ դասարանների աշակերտների «Տերունական աղոթք»-ի երգեցողությամբ: Մանկական անարատ շուրթերից հնչեցին հայրենիքին, ծնողներին, ընկերությանն ու հայրենի բնությանը նվիրված հայ գրականության մեծանուն գրողների բանաստեղծությունները, ինչպես նաև թեմային համահունչ աննման երգեր:

Դպրոցի օրհներգի կատարմամբ ավարտվեց գեղարվեստական հայտագիրը, որից հետո  տնօրեն բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանն իր խոսքն սկսեց բարության պատգամով՝ մեջբերելով Հենրիխ Հեյնեի հայտնի արտահայտությունը, թե «Բարությունը միշտ գերիշխում է գեղեցկությանը», ապա հավելեց, որ մեր զավակները ոչ միայն բարության, այլ նաև գեղեցկության օրինակն ու գրավականն են մեր կյանքում։ Եվ իսկապես, բարությունն աշխարհում ամենասպասված և աստվածային առաքինությունն է։ Նա ջերմագին ողջունեց բոլոր ներկաներին։ Ավարտական դասարանի սաներին մաղթեց հաջողություն և հորդորեց, որ սրբորեն պահեն, պահպանեն ու մշտապես խոսեն ոսկեղենիկ մայրենի լեզվով, հորդորեց իրենց սրտերում վառ պահել բոլոր այն ծնողական խրատները, որ իրենք ստացել են «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա վարժարանում: Տնօրենն իր երախտիքի խոսքն ուղղեց Հովնան սրբազանին, տեր Խաժակին, բոլոր ուսուցիչներին՝ դոկտոր Էլլի Անդրեասյանի գլխավորությամբ, ինչպես նաև ծնողներին ու աշակերտներին:

Հովնան սրբազանի օրհնությամբ միջոցառմանը ներկա էր Ս․ Ղևոնդյանց մար տաճարի տեսուչ հոգեշնորհ Տ. Երեմիա վարդապետ Աբգարյանը: Նա իր հայրական օրհնությունը բերեց բոլորին և «Ավարտական» վկայականներ հանձնեց ավարտական դասարանի սաներին:

Հայրենիքից հեռու՝ օտար ափերում բնակվող հայության համար կրթօջախը կարող է դառնալ փոքրիկ հայրենիք: Այդպիսին է նաև մեր գաղութի համար «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցը, որը ստանձնել է օտար ափերում հայապահպանության սրբազան առաքելություն և պատվով ու անսահման նվիրվածությամբ կատարում է այն։

Հարկ է նշել, որ նոր աշակերտների ընդունելությունն սկսելու է հուլիսի 1-ից, իսկ դասերը մեկնարկելու են օգոստոսի 17-ից։

Վիկտորյա Սաֆարյան

Ուսուցչուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031