Պահպանողական կուսակցությունը գործընկերներին առաջարկել է քննարկել և միասնաբար ստորագրել կուսակցությունների գործունեության բարոյական սկզբունքների վերաբերյալ ընդհանուր խարտիա, որը ստորագրող կուսակցությունները պայմանավորվելու են՝
- Պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունն ու քաղաքակրթական արժեքները։
- Հնարավորինս՝ զերծ մնալ բացասականությունից, զբաղվել քաղաքական ռեալ գործունեությամբ, ասելիքն ու անելիքը սևեռել քաղաքական դիրքորոշման, նախագծերի, ծրագրերի ներկայացման և իրականացման վրա։
- Պահպանել հասարակության ներքին խաղաղությունը որպես ազգային առաջընթացի անհրաժեշտ պայման։
- Հրապարակային ելույթներում խոսել հայերեն (լոգոս), վարել առաքինի վարք՝ չստել, չկեղծել, չզրպարտել, չգործել մահացու մեղքեր և չարդարացնել դրանք։
- Միմյանց վերաբերվել եղբայրաբար, որպես միևնույն հանրային կարգավիճակ ունեցող գործընկերոջ, պաշտպանել միմյանց թշնամական-հակաքաղաքակրթական ոտնձգություններից։
Պահպանողական կուսակցությունն ակնկալում է, որ խարտիան կպարտավորեցնի քաղաքական միավորներին ավելի արդյունավետ գործել ի շահ անկախության և ժողովրդավարության։ Քաղաքական համայնքում հաստատվող բարոյական նորմերի ազդեցությամբ հնարավոր կլինի ձևավորել գործակցության առողջ միջավայր, քաղաքական գաղափարներ գեներացնել, խոշորացնել քաղաքական միավորները, առողջացնել քաղաքական մրցակցությունը, նվազագույնի հասցնել արտաքին ազդեցությունը իշխանության ձևավորման հարցում, ստեղծել ազատ, արդար ընտրություններով իշխանություն ձևավորելու, ժողովրդավարության ամրացման և հասարակական առաջընթացի հիմքեր։
Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ