Քաղաքական ուժերից «Լուսավոր Հայաստան»-ը, որի ղեկավարը` Էդմոն Մարուքյանը, Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանի կարգավիճակից փետրվարի 29-ին ազատվեց՝ սեփական դիմումի համաձայն, ու մինչեւ այդ ի պաշտոնե կիսում էր իշխանության վարած քաղաքականության ողջ պատասխանատվությունը, օրերս նախապայման է դրել, որ սրբազանը պետք է հստակ տարանջատվի «նախկիններից»։
Չի՞ ստացվում, որ Փաշինյանից առաջ իշխանության եղած «նախկինների» ու հենց Փաշինյանի իշխանության մաս կազմած «նախկինների» միջեւ բաժանարարներ է գծում «Լուսավոր Հայաստանը»․ մեր հարցին ԼՀԿ ներկայացուցիչ Անի Սամսոնյանն այսպես արձագանքեց․ «Մեր հանդիպումներում մենք պայմաններ չենք դրել որեւէ մեկի առջեւ, մենք արել ենք շարժմանը նպաստող առաջարկներ։ Նախկին իշխանությունների մասով խնդիրը նրանց կողմից շարժմանը մասնակցելու մեջ չէ, այլ վերարտադրվելու ցանկության եւ մղումների, որոնք շատ տարբեր բաներ են։ Որեւէ մեկն իրավունք չունի կոչ անելու այլ անձանց` չմասնակցել այդ շարժմանը, որովհետեւ այն բաց է բոլոր քաղաքացիների համար՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից։ Իսկ եթե նախկին իշխանությունները խնդիր են տեսնում իրենց վերարտադրության մասով, ապա պետք է ասեմ, որ այդպիսի ամբիցիաները վնասելու են շարժմանը եւ ուժեղացնելու են իշխանությանը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եթե ես չլինեմ, Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը կլինեն։ Եթե երկու նախագահների համար իսկապես այս երկիրն արժեք ունի, կարծում եմ՝ իրենք այս հարցում պետք է ցուցաբերեն խելամտություն, իմաստնություն ու հետ քաշվեն։ Իսկ եթե երկու նախագահներին մտահոգում են իշխանության հետ երբեւէ աշխատած կամ աշխատող անհատները, ապա կարծում եմ, որ իրենք պետք է զբաղվեն նախեւառաջ իրենց խմբակցության պատգամավորներով»։
Ըստ Սամսոնյանի, համերաշխության խաթարման հարց կլիներ, եթե իրենք ասեին՝ թող «նախկինները» հրապարակ չգան։ «Բայց դա մենք չենք ասում, չէ՞։ Թող երկու նախագահներն ամսի 26-ին գան հրապարակ ու հայտարարեն, որ իրենք այս երկրում այլեւս իշխանություն ունենալու ձգտում եւ ցանկություն չունեն։ Գոնե մի անգամ մի լավ բան անեն Հայաստանի համար։ Կանե՞ն»,- հարցնում է ԼՀԿ-ականն ու հավելում՝ իրենք շարունակելու են մասնակցել շարժմանը․ «Անձամբ ես մայիսի 26-ին լինելու եմ Հանրապետության հրապարակում»։
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: