«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման պարագայում ակտիվ և արագ գործողություններ ակնկալող մեր շատ քաղաքացիներն այն համեմատում են 2018 թ.-ի իրադարձությունների հետ, երբ Փաշինյանը քայլելով եկավ Երևան, օրեր անց Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը նման կարծիք է հայտնում, երբ անդրադառնում ենք հասարակության շրջանում տարածված կարծիքներին, որ շարժման ընթացքը դանդաղ է:
«Այն, ինչ տեղի էր ունենում մայրաքաղաքում և լայնորեն լուսաբանվում էր, միայն տեսանելի կողմն էր այն գործընթացների, որոնք շատ երկար ժամանակ նախորդել էին Փաշինյանի ակցիաներին: Նա այստեղ դատարկ հողի վրա չէր գործողություններ իրականացնում այն առումով, որ տասնամյակներ շարունակ Հայաստանում ձևավորվել էր ցանցային համակարգ արևմտյան մեր գործընկերների կողմից: Ֆորմալ առումով Հայաստանում կուսակցություն չունեն, որ ասենք այս կամ այն կուսակցությունը ֆինանսավորվում է Պետդեպի կամ ԵՄ-ի կողմից, բայց ՀԿ-ների բավականին մեծ ցանկ ունենք: Նախկին իշխանությունները կարծում էին, որ այդ ՀԿ-ներին և դրանց ղեկավարներին տարբեր ձևերով իրենց գրպանում են պահում, բայց 2018 թ.-ից ակնհայտ դարձավ, որ այդ մարդիկ լրիվ այլ նպատակներ էին հետապնդում, աշխարհաքաղաքական այլ տերեր ունեին, իսկ ՀՀ իշխանությունները նրանց վրա ազդեցություն չունեին: Նիկոլ Փաշինյանը եկավ մի իրավիճակում, երբ ցանցային համակարգը ձևավորված էր, ունեին ակտիվիստներ, որոնք ճիշտ պահի դուրս եկան փողոց, ակնհայտորեն կազմակերպչական շատ լուրջ աշխատանք էր կատարվում: Մարդիկ սա տեսել են 2018 թ.-ին և փորձում են այդ իրողությունները համեմատել մերօրյա իրողությունների հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:
Նշում է՝ Բագրատ Սրբազանն այդ տրամաբանությամբ պետք է գար և, հենվելով ինչ-որ կառույցների վրա, միանգամից իշխանափոխություն իրականացներ, մինչդեռ դա հնարավոր չէր: «Բացի դա, 2018 թ.-ին տեղի է ունեցել ոչ թե մեկ իշխանափոխություն, այլ երկու պրոցես: Առաջինը Սերժ Սարգսյանի հրաժարականն էր, երկրորդը՝ Կարեն Կարապետյանի: Սրանք տարբեր գործընթացներ էին, ներգրավված էին տարբեր, այդ թվում՝ աշխարհաքաղաքական ուժեր: Դա նաև ներքին որոշակի խմորումներից բխող գործընթաց էր, որը հասարակության ներկայացուցիչների համար տեսանելի չէր, բայց ներիշխանական պայքարում շատ լուրջ գործընթացներ էին տեղի ունենում: 2018 թ.-ի արագ իրողությունները դրա դրսևորումը եղան: Ներկա իրավիճակում ցանկացած մեկը, ով էլ լիներ, չէր կարողանա մեկ օրում իշխանափոխություն իրականացնել»,-ընդգծում է մեր զրուցակիցը:
Հավելում է՝ պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել: «Կային միֆեր՝ ժողովուրդը փողոց դուրս չի գալիս, Հանրապետության հրապարակը չի լցվի, Նիկոլ Փաշինյանի տեսակետն էլ Հայաստանում այլընտրանք չունի, դրա համար մարդիկ փողոց դուրս չեն գալիս, դրա համար Փաշինյանը հաղթում է և այլն: Այդ դեգեներատ կարծիքը շատ էին տարածում նաև ռուսաստանցի, այսպես կոչված, փորձագետներ, որ, օրինակ՝ Հայաստանում գինու փառատոններին ավելի շատ մարդ է մասնակցում, քան ընդդիմության ակցիաներին: Հիմա միանգամից մի քանի միֆ կոտրվեց: Բագրատ Սրբազանը մարդկանց հավաքեց հրապարակում, այն էլ՝ ոչ մեկ անգամ, այն պայմաններում, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չէր տվել: Փաշինյանը կարողացավ հրապարակը երկու անգամ լցնել՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը և իր կառավարման 100-օրյա հանրահավաքի օրը: Անկեղծ չգիտեմ, թե Բագրատ Սրբազանը ինչպես կկարողանա այս պոտենցիալն օգտագործել: Բայց եթե ուզում է հաջողության հասնել, պետք է այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնի:
Կարդացեք նաև
Պետք է շատ արագ ցանցային կառույցներ ձևավորեն, ոչ միայն ֆորմալ առումով ճանապարհները փակելու համար: Հիմա ցանցային կառույցներն անհրաժեշտ են, որ կարողանա հասարակության հետ բացատրական աշխատանքներ կատարել և մարդկանց վարակել փոփոխությունների գաղափարով: Նա հիմա պետք է նախընտրական քարոզարշավի նման գործընթաց իրականացնի՝ գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք, թաղամաս առ թաղամաս հանդիպի մարդկանց հետ, նրանց հետ հասկանալի լեզվով իրենց հուզող խնդիրներից պետք է խոսի: Ղարաբաղյան շարժումից ի՞նչ սովորեցինք: Երբ 88-ին այդ շարժումը մեկնարկում էր, նրա հիմնական հարցն Արցախը հայկական պահելն էր, որ մարդիկ էլ հնարավորություն ունենային այնտեղ ապրել: Երբ շարժումն այդ հարցը բարձրացրեց, գոյություն ուներ Խորհրդային Միություն, համապատասխան համակարգ և այլն:
Ամենաճիշտ լուծումը հետևյալն է՝ կառավարության ձևավորում իր անկախ արբիտրի կարգավիճակ ունեցող վարչապետով և հետագա ընտրությունների կազմակերպում: Հետո ժողովուրդը թող որոշի, թե որ ուժը պետք է գա իշխանության: Կլինեն ազատ, անկախ ընտրություններ, որոնց երաշխավորը կլինի վարչապետն իր անկախ դիտորդի կարգավիճակով: Այդ նոր ձևավորված կառավարության առաջին ու կարևոր քայլերից մեկը պետք է լինի ֆեյքերի ֆաբրիկաների փակումը, դա հանրային համերաշխություն ստեղծելու լավագույն գրավականներից մեկն է լինելու: Պետք է հարթակից խոսվի այն մասին, որ ֆեյքերի ֆաբրիկաները պետք է փակվեն, նոր վարչապետը չի հավակնում իշխանության մնալ արտահերթ ընտրություններից հետո, կոմպրոմատները կոչնչացվեն, հասարակությանը պետք է ասել, որ դրվելու են իրենց սոցիալտնտեսական հարցերի լուծման հենքերը:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում