Հայաստանում հանցագործությունների թիվը տարեցտարի աճում է։ 2023 թվականին արձանագրվել է հանցագործության 40 666 դեպք, 2022 թվականին՝ 37 612։ Այսինքն, նախորդ տարվա համեմատ՝ դրանք աճել են 3054-ով կամ 8,1 տոկոսով։ Համեմատության համար կարելի է նշել, որ 2021 թվականին արձանագրվել էր հանցագործության 30 245 դեպք։ Հատկանշական է, որ աննախադեպ կերպով աճել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը։ Եթե 2022 թվականին գրանցվել է 880 դեպք, ապա 2023 թվականին՝ 1678։ Ստացվում է, որ մեկ տարվա մեջ աճը կազմել է 798 դեպք կամ 90,7 տոկոս: Սա հիմնականում պայմանավորված է սպանության դեպքերի աճով (645- ով կամ 119 տոկոսով): Այս տարվա վիճակագրությունը կամփոփվի տարին փակելուց հետո, սակայն պարբերական դարձած մամուլի հաղորդագրություններից պարզ է դառնում, որ հանցագործությունների աճի տեմպը շարունակվելու է նաև այս տարի։
Գրեթե օրումեջ կամ մի քանի օրը մեկ տվյալներ են հրապարակվում սպանությունների, ինքնասպանությունների, գողությունների, ավազակային հարձակումների, կրակոցների մասին և այլն։ Ու ամենամտահոգիչն այն է, որ նույնիսկ դպրոցներում (կամ դպրոցամերձ շրջանակներում դպրոցականների մասնակցությամբ) հաճախակի են դարձել այնպիսի դեպքերը, ինչպես խուլիգանությունը, ծեծկռտուքը, կրակոցները և այլն։ Շատացել է նաև թմրամիջոցների շրջանառությունը, իսկ թվային հարթակների կիրառման արդյունքում դրանք դեռահասների համար դարձել են հեշտ հասանելի։ Ու տպավորություն է, որ ընդհանրապես իրավապահ համակարգ, մասնավորապես ոստիկանություն, որպես այդպիսին, չունենք։ Բայց բավական էր, որ, օրինակ՝ Բագրատ Սրբազանը հայտարարություն աներ այն մասին, որ հավաքվում ենք Օպերային մերձ տարածքում այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը պետք է մասնակցեր ինչ-որ միջոցառման, ապա միանգամից պարզվեց, որ ոստիկանություն կա, այն էլ՝ ինչ քանակության:
Այսինքն, երբ խոսքը իշխանություններին ու հատկապես Նիկոլ Փաշինյանին պաշտպանելուն է վերաբերում, ապա ոստիկանների պակաս ընդհանրապես չկա։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում