Ինչպես երևում է, իշխանություններին բավականին անհանգստացրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատ» շարժման, ինչպես նաև նոր ստեղծված համանուն կուսակցության ակտիվությունը, հանրային բավական լայն շերտերի ներգրավվածությունն այդ շարժմանը: Եթե սրան գումարում ենք այն, որ կուսակցությունը հայտարարել է Սրբազան պայքարին աջակցելու մասին, պատկերն առավել պարզ է դառնում: Եվ ահա, մեր տեղեկություններով, արդարադատության նախարարությունը հրաժարվում է գրանցել «Համահայկական ճակատ» կուսակցությունը, որի հիմնադիր համագումարը տեղի ունեցավ ապրիլի 5-ին:
Մեզ հետ զրուցում կուսակցության ներկայացուցիչները նշում էին, որ պատճառաբանությունները վերաբերում են հիմնականում կանոնադրության տեխնիկական «թերություններին», օրինակ՝ կուսակցության ղեկավարի հասցեն իր տան հասցեն է, կուսակցության հասցեն՝ գրասենյակինը, սակայն մեկ հասցե պիտի նշվի, էջակալումը ոչ թե վերևում պիտի լինի, այլ ներքևում և այլն: Սակայն զավեշտալին այն է, որ կուսակցությունից պահանջել են ոչ թե շտկել այդ տեխնիկական վրիպակները, այլ նոր համագումար հրավիրել: Սա՝ այն դեպքում, երբ սկզբունքային փոխոխություններ կանոնադրության մեջ չեն նախատեսվում:
«Փաստ» թերթի հետ զրույցում գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հաստատեց այս տեղեկությունները՝ համոզմունք հայտնելով, որ սա իշխանությունների ամենավերին օղակների ուղիղ պատվերն է՝ ձգձգել կուսակցության ստեղծումն ու խոչընդոտներ ստեղծել կուսակցության լիարժեք գործունեության համար:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։