Լրահոս
Օրվա լրահոսը

Գործոններ, որոնք ազդում են տեստոստերոնի մակարդակի վրա

Մայիս 21,2024 09:40

Տեստոստերոնն անդրոգենային հորմոն է, որն ազդում է տղամարդկանց սեռահասունացման, սեռական գործառույթի, վերարտադրողական առողջության վրա, ուստի ավելորդ է նշել, թե որքան կարևոր է այս հորմոնի առողջ մակարդակն օրգանիզմի համար։ Դիտարկենք այն գործոնները, որոնք ինչ-որ չափով ազդում են արական այս հորմոնի արտադրության վրա։

1. Սննդակարգի ազդեցությունը տեստոստերոնի մակարդակի վրա

Հետազոտությունները ցույց են տվել, որ այնպիսի հանքանյութերը, ինչպիսիք են մագնեզիումը, ցինկն ու կալիումը, նպաստում են տեստոստերոնի առողջ մակարդակի պահպանմանը։ Այս սննդանյութերը կարևոր դեր ունեն ճարպային զանգվածի նվազեցման, սրտի առողջության բարելավման հարցում, ինչը նույնպես կարևոր է տեստոստերոնի նորմալ մակարդակի համար։
Հայտնի է, որ շաքարի և հագեցած ճարպաթթուների չարաշահումը նպաստում է բորբոքման առաջացմանը, իսկ բորբոքումն օրգանիզմում դժվարացնում է հորմոնների, այդ թվում՝ տեստոստերոնի արտադրությունը։

2. Կենսակերպի, սովորությունների ազդեցությունը տեստոստերոնի մակարդակի վրա

Հետազոտությունները հիմնականում դրական են գնահատում ֆիզիկական ակտիվության դերը տեստոստերոնի արտադրության գործում։
Պատճառներից մեկը ֆիզիկական վարժությունների ազդեցությունն է կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի վրա։ Ինչպես հայտնի է, կորտիզոլի բարձր մակարդակը կարող է նվազեցնել տեստոստերոնի արտադրությունը, և քանի որ վարժությունները դեր ունեն սթրեսի նվազեցման հարցում, այդպիսով կարող են նպաստել տեստոստերոնի մակարդակի բարձրացմանը։

Իսկ այ ծխախոտի ու ալկոհոլի ազդեցությունը տեստոստերոնի մակարդակի վրա ամենևին էլ դրական չէ, թեև վնասակար այս սովորություններնը խաթարում են տարբեր օրգանների աշխատանքը՝ ընդհանուր առմամբ վնասելով առողջությունը։

3. Առողջական խնդիրների ազդեցությունը տեստոստերոնի մակարդակի վրա

Քրոնիկ որոշ հիվանդություններ կապված են տեստոստերոնի բարձր մակարդակի հետ։ Օրինակ՝ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի ու շագանակագեղձի քաղցկեղի դեպքում արյան մեջ տեստոստերոնի մակարդակը կարող է գերազանցել նորմայի սահմանները։
Որոշ քրոնիկ հիվանդություններ էլ, որոնք ազդում են օրգանիզմի նյութափոխանակության վրա (օրինակ՝ դիաբետ, սրտի հիվանդություններ) կարող են առաջացնել տեստոստերոնի մակարդակի նվազեցում։
Տեստոստերոնի մակարդակի նվազեցմանը կարող են նպաստել նաև որոշ դեղամիջոցները՝ հակադեպրեսանտները, ստատինները, զարկերակային ճնշումը կարգավորող դեղորայքը, ցավազրկողները և այլն։

4. Տարիքային գործոնի ազդեցությունը տեստոստերոնի մակարդակի վրա

Արական սեռի ներկայացուցիչների կյանքում երկու շրջան կա, երբ տեստոստերոնի մակարդակը հասնում է առավելագույնի․ ծնվելիս՝ մշտական աճն ու վերարտադրողական համակարգի զարգացումն ապահովելու համար և սեռական հասունացման շրջանում․ այդ ընթացքում տղաների օրգանիզմում տեստոստերոնի մակարդակը կարող է կտրուկ բարձրանալ, անգամ դուրս գալ նորմայի սահմաններից։
Տարիքի հետ տղամարդկանց օրգանիզմում տեստոստերոնի մակարդակն աստիճանաբար նվազում է։

5. Գենետիկ գործոնների ազդեցությունը տեստոստերոնի մակարդակի վրա

Հետազոտությունները մատնանշել են գենետիկ որոշ գործոններ, որոնք կապված են տեստոստերոնի արտադրության բարձր և ցածր մակարդակների հետ։ Մկանային մանրաթելերի և դրանց չափսերի վրա ազդող գեները կապվում են այդ հորմոնի բարձր մակարդակի հետ։

6. Հոգեբանական գործոնների ազդեցությունը տեստոստերոնի մակարդակի վրա

Տագնապն ու դեպրեսիան ևս ազդում են տեստոստերոնի մակարդակի վրա՝ նվազեցնելով այն։ Հոգեբանական խնդիրների կարգավորումը կարևոր է նաև այս հորմոնի նորմալ արտադրությունը վերականգնելու համար։

7. Քնի ռեժիմի ազդեցությունը տեստոստերոնի մակարդակի վրա

Հետազոտությունները հաստատում են, որ քնի վատ որակը կարող է հանգեցնել տեստոստերոնի մակարդակի նվազեցման։ Քնի հետ կապված խնդիրներ ունեցող տղամարդկանց, գիշերային աշխատանք իրականացնող անձանց շրջանում ավելի մեծ է տեստոստերոնի ցածր մակարդակի առաջացման վտանգը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031