Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես որ սահման մտնում եմ, կներեք, քիչ է մնում տկլորացնեն, իսկ ասետրինայով բարձված իրենց պետերի մեքենաները անարգել անցկացնում են». Մարիամ Ավետիսյան

Մայիս 21,2024 00:02

Մայիսի 13-ին Բագրատաշենի անցակետում Լոռու մարզի բնակչի եւ անցակետի մաքսային աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել, գործը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում:

Միջադեպի մասնակից Մարիամ Ավետիսյանը Aravot.am-ին պատմեց, որ միջադեպը ծագել է նրանից, որ իր մեքենայով իր տան անձնական օգտագործման համար Վրաստանից հետը բերել է լվացքի փոշի, ատամի մածուկ, անձեռոցիկ, բոթաս եւ օրենքով թույլատրելի իրեր, որոնք ցանկացել է հայտարարագրել, սակայն նրան հայտարարագիր չեն տրամադրել, ինքը ստիպված է եղել ձեռագիր գրել, հանձնել աշխատակիցներին: Մեր զրուցակցի խոսքով, իր մեքենան չեն էլ զննել, որ տեսնեն, մեջն ինչ կա, միայն մաքսային աշխատողներից Վահեն, իրեն ասել է, որ հրաման է ստացել, մեքենայի մեջ ինչ կա, պետք է դատարկի, հետո իրեն ասել է գնա՝ պետի հետ լեզու գտիր. «Լեզու գտնելը ո՞րն է, գնամ, ասեմ՝ ես ինձ խելոք կպահեմ, էլ ձեր ապօրինությունների մասին չե՞մ բարձրաձայնի: Դուք տեսնեք մաքսայինի աշխատակիցները քաղաքացիների հետ ինչ լկտի են խոսում, ոնց որ անընդհատ տղամարդկանց հրահրեն, որ այնտեղ ծեծկռտուք լինի: Հայտարարագրերը լրիվ սեփականացրել են ու քաղաքացիները ընտրության հնարավորություն չունեն՝ որ, եթե ցանկանում են հայտարարագրել, հայտարարագրեն, եթե չեն ուզում՝ չհայտարարագրեն: Վերջին ութ ամիսներին ես պարբերաբար Վրաստան եմ գնում, գալիս:

Տեսնում եմ քաղաքացիների հետ նրանց լկտի պահելաձեւը, տեսնում եմ՝ ինչպես են ամեն օր մեծ թվաքանակով ծխախոտ, ալկոհոլային խմիչք դուրս բերում իրենց համար, անուն, ազգանուններով, մեքենաների համարներով գիտեմ, ովքեր են ու ինչ են անցկացնում: Ես որ սահման մտնում եմ, կներեք, քիչ է մնում տկլորացնեն, ես տեսել եմ, թե դյութի ֆրիի մոտ կանգնած իրենց մեքենաները ոնց է բարձվում, էնքան մեկ է իրենց համար օրենքը, որ հավաքարարների պատասխանատուի միջոցով էլ են բեռն անցկացնում: Տեսախցիկներով թող նայեն, ես ամեն ինչ ցույց կտամ: Ինձ էլ են ուղիղ ասել՝ խելացի ես, ճարպիկ ես չե՞ս մտածել, որ մեզ հետ կարող ես համագործակցել: Ես իմ մոտ սաղ նշումներն արել եմ, թե որ օրը ով, ոնց, ինչ է անցկացնում: էն սովորական քաղաքացուն, որ մի հատ նասկի, մի հատ լվացքի փոշի է իր տան համար անցկացնում, ֆուտբոլի գնդակ եք սարքել, ծաղրուծանակի բան եք սարքել, իսկ ձեր պետերի մեքենաները, որ ասետրինայով, հագուստով, ծխախոտով ու ալկոհոլով բարձած բերում եք, արդեն հրամանը տվել է՝ որ ավտոն է մտնում, նույնիսկ բանի տեղ չեք դնում, մի հատ բագաժնիկ են ստից բացում ու փակում»:

Ի դեպ, ՊԵԿ-ից այս միջադեպի մասին պարզաբանում են, որ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի համաձայն՝ քաղաքացիներին առաջարկվել է անձնական օգտագործման ապրանքների շարքին չդասվող ապրանքները հայտարարագրել, սակայն տրանսպորտային միջոցի վարորդը չի ենթարկվել մաքսային ծառայողի օրինական պահանջին և մեքենան ապրանքների հետ միասին դուրս է բերել մաքսային հսկողության տարածքից: Անցնելով դեպքի մանրամասն նկարագրությանը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ2024 թվականի մայիսի 11-ին, ժամը 07։18-ի սահմաններում, պետական սահմանի «Բագրատաշեն» սահմանային անցման կետ է ժամանել «CHRYSLER 300» մակնիշի թեթև մարդատար տրանսպորտային միջոցը, որի վարորդն էր ՀՀ քաղաքացի Ա.Գ-ն։ Տրանսպորտային միջոցի ընթացիկ մաքսային հսկողություն ընթացքում պարզվել է, որ առկա են տարբեր տեսակի ապրանքներ և տրանսպորտային միջոցը` հետագա զննության նպատակով ուղարկվել է մանրամասն զննման համար նախատեսված տարածք, որի շրջանակում վարորդը տրամադրել է տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը։

Այդ ընթացքում, ուղևորների համար նախատեսված սրահով ժամանել է նաև տվյալ տրանսպորտային միջոցի ուղևոր ՀՀ քաղաքացի Մ.Ա-ն` իր ուղեկցվող ուղեբեռով և մաքսային ծառայողի հարցին, արդյո՞ք վերջինս ունի հայտարարագրման ենթակա ապրանքներ, քաղաքացի Մ.Ա-ն տվել է դրական պատասխան։ Այնուհետև, մաքսային տեսուչը նրան նույնպես ուղեկցել է մանրամասն զննման համար նախատեսված տարածք։ Զննման արդյունքում, հիմք ընդունելով ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 256-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները և ելնելով նշված քաղաքացիների ապրանքների ներմուծման հաճախականությունից, քանակից և բնույթից, տեղափոխված ապրանքները չեն դասվել անձնական օգտագործման ապրանքների շարքին և, հետևաբար, ՀՀ քաղաքացիներ Մ.Ա-ին և Ա.Գ-ին մաքսային ծառայողների կողմից առաջարկվել է օրենսդրությամբ սահմանված կարգով ապրանքները հայտարարագրել (կատարելով համապատասխան վճարումները) կամ հանձնել մաքսային մարմինների ժամանակավոր պահպանմանը` հետագայում այն հայտարարագրելու նպատակով։ Փոխարենը` նշված քաղաքացիները ապրանքները տեղափոխել են մեքենայի մեջ և այն վարել դեպի մաքսային հսկողության գոտուց դուրս գալու հատված, որտեղ մաքսային ծառայողը քաղաքացիներին առաջարկել է մեքենան վերադարձնել մաքսային հսկողության գոտի և կատարել մաքսային մարմնի օրինական պահանջը։

Վարորդը, չենթարկվելով մաքսային ծառայողի օրինական պահանջին, մեքենան ապրանքների հետ միասին, դուրս է բերել մաքսային հսկողության տարածքից։ Փաստի առթիվ մաքսային մարմինների կողմից կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն` «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 302-րդ և 307-րդ հոդվածի հատկանիշներով, որի շրջանակում մաքսային մարմնի մոտ առկա փաստաթուղթը (հաշվառման վկայագիրը) պահվել է` կազմվելով համապատասխան արձանագրություն։

Այնուհետև, հաջորդ օրը, քաղաքացի՝ Մ.Ա-ն ներկայացել է սահմանային անցման կետ՝ պահանջելով միջոցի հաշվառման վկայագիրը: Քաղաքացուն բացատրվել է, որ հաշվառման վկայագիրը վերցված է վարչական վարույթի շրջանակում և այն կտրամադրվի սեփականատիրոջը կամ լիազորված անձին՝դիմումի հիման վրա։

Ընդ որում, նշված քաղաքացիների գրավոր համաձայնության դեպքում, Կոմիտեն պատրաստակամ է հրապարակել նաև նրանց կողմից ապրանքների ներմուծման հաճախականությունը, բնույթը և քանակը, որի դեպքում` յուրաքանչյուրին պարզ կդառնա վերոնշյալ քաղաքացիների նկատմամբ մաքսային մարմնի կատարած գործողությունների իրավաչափությունը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031