Եթե բոլոր ընդդիմադիր ուժերը համաձայն են, որ Փաշինյանը պետք է հեռանա, ապա նրանք, ըստ ամենայնի, պետք է համաձայն լինեն նաեւ, որ Հայաստանում չկա քաղաքական գործիչ, որը երկիրը կղեկավարի ավելի վատ, քան ներկայիս վարչապետը: Եվ խնդիրն այն չէ, որ նա ամենաանտաղանդն է: Մի շարք հարցերում, մասնավորապես, որոշակի մտավոր մակարդակ ունեցող զանգվածի սիրտը շահելու գործում, նա շատ էլ տաղանդավոր է:
Բայց խնդիրը, կարծում եմ, այն է, որ Փաշինյանն արտաքին խաղացողներին այնքան խոստումներ է տվել, այնքան պարտականություններ է իր վրա վերցրել (ընդ որում, տարբեր խաղացողների դեպքում՝ տարբեր), որ խճճվել է այդ խոստումների եւ պարտականությունների մեջ: Մեծ ցանկության դեպքում անգամ նա չի կարող ոչինչ անել, բացի իրավիճակը վատթարացնելուց: Եվ, հետեւաբար, ցանկացած այլ ղեկավար Հայաստանի համար բարիք է լինելու:
Եթե ընդդիմադիրները դա հասկանում են, ուրեմն պետք է վերջ տան մանկական քմահաճույքներին՝ ես սրա կողքը չեմ նստի, նրա կողքը չեմ կանգնի, իսկ այս մեկին ընդհանրապես չեմ ուզում տեսնել: Չեք ուզում տեսնել, իրար արանքում ծառեր տնկեք:
Գալի՞ս է նախկին դատախազը հանրահավաքների, ողջունեք նրան: Հետո, երբ ժամանակը գա, հաշիվ կներկայացնեք: Եթե ներկայացնելու բան կա:
Կարդացեք նաև
Փոշմանե՞լ է «Լուսավոր Հայաստանը», որ պատերազմից հետո պարտությունը «կերտողի» կողքին էր կանգնել, շատ լավ է՝ պետք չէ ՔՊ-ի ոճով ասել՝ «բա որ դու…»:
Դուր չի՞ գալիս ձեզ (ինչպես եւ ինձ), թե ինչ են 2016 թվականին արել «Սասնա ծռերը», դա ժամանակավորապես մի կողմ դրեք: Ի՞նչն է ավելի վատ՝ հարձակվել ոստիկանական գնդի վրա՞, թե՞ հանձնել թշնամուն Արցախը, ինչպես նաեւ Հայաստանի սահմանամերձ տարածքները:
Եթե կա այդ ըմբռնումը, մնացած հարցերը պետք է հետաձգել: Եթե չկա, ուրեմն քաղաքական խաղերի ժամանակը դեռ չի անցել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հիմա ամենաանհրաժեշտ և ամենահարմար ժամանակն է քաղաքական ուժերի կողմից համախմբվելու քաղաքականապես չեզոք անձի – Բագրատ Սրբազանի շուրջը, սահմանային կորստաբեր զիջումները կանխելու համար։ Այն կուսակցությունները, որոնք նույնիսկ այս բախտորոշ պահին ամբիցիաներ ու հիշաչարություն կդրսևորեն մեկը մյուսի նկատմամբ և չեն միանա
փրկության այս շարժմանը, հասկանալի կդառնա, որ այդ կուսակցությունները
կամ անձինք ղեկավարվում են արտաքին ուժերի կողմից և մեր ժողովուրդը իրավունք կունենա այդպիսիներին համարել ապազգային և լուսանցքային ուժեր։