2024 թվականի մայիս ամսվա սկզբին, ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննա Անդրեասյանը, N 01/23/2255-2024 գրությամբ, դիմել է ՀՀ բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին, որում մասնավորապես ասվում է.
«Հարգելի տիկին/պարոն.
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի կողմից 2023 թվականի հունվարի 11-ին և 16-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարությունում անցկացված խորհրդակցության արդյունքում կազմված N Վ/06-2023 արձանագրության 4-րդ կետի 3-րդ մասը` «…ուսումնական հաստատություններում հաշվապահական հաշվառման գործընթացն արտապատվիրակելու հարցը…»` ներկայացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության դպրոցների` հանրային հատվածի կազմակերպությունների համար հաշվապահական հաշվառման և գնումների համակարգման ծառայությունների գնման հայտի օրինակելի ձևը, և նշված ծառայությունների գնման գործընթացը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կենտրոնացված կարգով իրականացնելու համար խնդրում ենք 10-օրյա ժամկետում ՀՀ ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել կազմակերպությունների` գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված գնման հայտերը:
Կարդացեք նաև
Կից ներկայացվում է նաև յուրաքանչյուր կազմակերպության հաշվապահական հաշվառման և գնումների համակարգման ծառայությունների գնման նախահաշվային տարեկան գումարի չափերը` հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022թ. դեկտեմբերի 7-ի N 79-Ն հրամանը:
Առդիր` 2 փաթեթ:
Հարգանքով` Ժաննա Անդրեասյան»։
Այսինքն` Նիկոլ Փաշինյանն ու Ժաննա Անդրեասյանը միասին որոշել են բոլոր դպրոցների հաշվապահներին ազատել աշխատանքից։ Նախարարությունում որդեգրել են հաշվապահական հաշվառման գործընթացի կենտրոնացման և արտապատվիրակման քաղաքականություն։
Այլ կերպ ասած մոտ 1400 հաշվապահ կդառնա գործազուրկ։
Այնուհետև երբ մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, ԿԳՄՍ նախարարությունից ներքին բանավոր կարգադրություն իջեցվեց առ այն իբրև թե հիշյալ գործընթացը կասեցվում է։ Կարծում եմ ԿԳՄՍ նախարարությունը գործընթացը սառեցրեց քանի որ այդ օրերին մտավախություն կար առ այն, որ ՀՀ-ում գործող բոլոր 1400 հանրակրթական ուսումնական հաստատությունների հաշվապահները կսկսեին բողոքի ակցիաներ` իրենց աշխատանքը չկորցնելու իրավունքը պաշտպանելու համար։
Այս ողջ ժամանակահատվածում ես բազմաթիվ նամակներ եմ ստանում` ԿԳՄՍ, մարզային և Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրակրթական ուսումնական հաստատությունների հաշվապահներից, վերջիններս մտահոգված են առ այն, որ առաջիկա ամիսներին կկորցնեն իրենց աշխատանքը և կդառնան գործազուրկ։
Հիշյալ խնդրի վերաբերյալ ես 2024 թվականի մայիսի 7-ին պաշտոնական գրությամբ, ԿԳՄՍ նախարարությունից պարզաբանում եմ պահանջել և պաշտոնական գրությամբ (N 02/09.1/14853-2024) պատասխան եմ ստացել, որում մասնավորապես ասվում է.
«Ի պատասխան 2024 թվականի մայիսի 7-ի Ձեր գրության
Հարգելի՛ Վանո Կարապետյան
Հայտնում եմ, որ «Հանրակրթության մասին» օրենքում նախատեսվել է փոփոխություն, համաձայն որի՝ բարձրագույն կրթություն ունեցող և ֆինանսատնտեսական գործունեության ոլորտում վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ ունեցող մասնագետները հնարավորություն կունենան դիմելու՝ հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի թափուր տեղը համալրելու համար:
Հարկ է նշել, որ առաջարկվող փոփոխությունը դեռևս նախագծային փուլում է, որը սահմանված կարգով փորձաքննվելուց և հաստատվելուց հետո կհրապարակվի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքում:
Հարգանքով` Արաքսիա Սվաջյան»։
Նախ և առաջ ուզում եմ արձանագրել, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ տիկին Արաքսիա Սվաջյանը ինձ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում ըստ որի արդարացված և անհրաժեշտ է ՀՀ բոլոր դպրոցների հաշվապահներին կրճատելու մասին որոշումը։
Մենակ նախարարի տեղակալը ասում է, որ կրճատումից հետո որոշ հաշվապահներ եթե կունենան համապատասխան չափի աշխատանքային ստաժ կարող են դիմել հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի թափուր տեղերը համալրելու համար։
Ես նաև 2024թ. մայիսի 16-ին հեռախոսազրույց եմ ունեցել ԿԳՄՍ նախարարության հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականությունը մշակման և վերլուծության բաժնի պետի հետ, վերջինս ինձ տեղեկացրեց, որ այս պահին աշխատում են հիշյալ նախագծի վրա և նախարարությունը հետ քայլ չի անելու։ Այսինքն` ուշ թե շուտ մեկ է բոլոր դպրոցների հաշվապահներին նախարարությունը համապատասխան իրավանորմեր սահմանելով ազատելու է աշխատանքից։
Նախարարությունում հստակ ասում են, որ որոշումը կայացրել են Նիկոլ Փաշինյանը և Ժաննա Անդրեասյանը` համատեղ քննարկման արդյունքում։
Ես այս ողջ ընթացքում նաև զրուցել եմ մի շարք դպրոցների տնօրենների հետ, վերջիններս ասում են նաև, որ հաշվապահների հաստիքները խիստ անհրաժեշտ են դպրոցներին և անգամ պետական միջոցների խնայման տեսակետից առավել ձեռնտու է դպրոցում հաշվապահ ունենալը` հաշվապահական ծառայությունները արտապատվիրակելու փոխարեն։
ԱՄՓՈՓՈՒՄ
Հանրակրթական դպրոցների հարգելի՛ հաշվապահներ, եթե չեք ուզում հաշված ամիսներ հետո դառնալ գործազուրկ` պայքարեք հիմա, վիժեցրեք Նիկոլ Փաշինյանի և Ժաննա Անդրեասյանի նախագիծը` Ձեզ աշխատանքից ազատելու վերաբերյալ։
Հիշե՛ք վաղը ուշ կլինի…
Վանո Կարապետյան
Պատմաբան, կրթության հարցերով անկախ փորձագետ