Սիրելի պատանինե՛ր և աղջիկնե՛ր,
եթե վերջին շրջանում կադրերում տեսել եք ձեր սիրասուն հայրիկին՝ խաղաղ ցույցի ելած մարդկանց դեմ բռնի ուժ գործադրելիս, ուրեմն այս նամակս ձեզ է ուղղված։
Ես մտադիր չեմ վիրավորանքի խոսքեր ուղղելու ձեզ, ոչ էլ ծաղրելու այն բանի համար, որ ձեր հայրերը ձեր հացն ու հագուստը, ձեր մյուս կարիքները հոգում են հանցանք չգործած, ավելին՝ հայրենիքի համար փողոց դուրս եկած նվիրյալ մեր զավակներին ծեծելով, գետնին գցելով, ստորացնելով, վիրավորելով…
Զավակը ծնողների արարքների համար պատասխանատու չէ։ Բայց զավակը կարող է հպարտանալ իր ծնողների արարքներով։ Դուք հիմա ձեր հայրերով հպարտանալու առիթ ունե՞ք։ Ձեր ընկերներն իրենց հայացքները չե՞ն թաքցնում ձեզանից, չկա՞ն նույն նստարանին ձեր կողքին նստած դասընկերներ, որոնք այլևս չեն ուզում ձեր կողքին նստել, որովհետև ձեր հայրը հանցանք չգործած արժանավոր մարդկանց վրա ձեռք է բարձրացրել, կամ դիտմամբ մեքենայով հարվածել է լրագրողի, միայն նրա համար, որ լրագրող է, կամ կանգնել է «նոր գծված սահմանով մեկ»՝ թշնամուն պաշտպանելով հայրենակիցներից։ Ձեզ հաճելի՞ է ուտել այդ գնով ձեզ համար գնված հացը…Երբ ձեր հայրը հոգնած (մարդ ծեծելիս էլ կարող են հոգնել) տուն է գալիս, նայե՛ք նրա աչքերին, պատասխանի մի՛ սպասեք, բայց հարցրեք՝ ինչո՞ւ։
Կարդացեք նաև
Անկախ Հայաստանի ոստիկանները հպարտանալու առիթ շատ են տվել՝ սկսած 1990-ականների սկզբին հայրենիքը պաշտպանելու համար զոհված նոյեմբերյանցի միլիցիոներներից, մինչև վերջին պատերազմը, երբ ոստիկանները զոհվեցին դարձյալ հայրենիքը պաշտպանելիս։ Խոնարհո՛ւմս։ Մի ժամանակ հզոր մեր բանակը ստեղծվել է ներքին գործերի նախարարության կազմում նախ։ Խոնարհումս նաև՝ հանցագործներից ու հանցագործություններից ամեն օր մեզ պաշտպանող ոստիկաններին։ Խոնարհումս նաև ձեզ, եթե չեք հաշտվում այդ ճանապարհով տուն բերած հացն ուտելու հետ։
2008-ի մարտի 1-ին, երբ Նիկոլի սիրտը փառավորվում էր ցուցարարների գործողություններից, (տեսած կլինեք կադրերը, թե կատաղած ամբոխը ոնց էր վազում ոստիկանի հետևից) իմ սիրտը ճմլվում էր, պատկերացնում եմ, թե ձեր տատիկն ու մայրիկն ինչ էին զգում, դե, դուք երևի շատ փոքր էիք, չհասկացաք։ Խնդրեք ձեր մայրերին ու տատիկներին, թող պատմեն, հաստատ կհասկանաք, թե հիմա ինչ ենք զգում մենք։
Սիրով՝ ձեր Ռուզան Խաչատրյան
երբեմնի լրագրող ու միշտ՝ մայր