Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղի իսլամացումը տեղի է ունենում հայկական ազգային քրիստոնեական միջավայրի պղծման գործընթացին զուգահեռ. հայտարարություն

Մայիս 20,2024 18:13

Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է Լեռնային Ղարաբաղի յուրացման և մշակութային լանդշաֆտի դիմախեղման քաղաքականությունը։ Օրեր առաջ Կովսականում տեղի է ունեցել մզկիթի բացման արարողություն, որին մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Լեռնային Ղարաբաղի իսլամացումը տեղի է ունենում հայկական ազգային քրիստոնեական միջավայրի պղծման գործընթացին զուգահեռ։

2020 թ․ սանձազերծված պատերազմի ժամանակ Ադրբեջանն ամենևին չէր խորշում քաղաքացիական կառույցներից բացի թիրախավորել նաև հոգևոր-կրոնական կառույցները, որոնք հայկական ինքնության անբաժան մասն են կազմում։ Պատերազմից հետո իր վերահսկողության տակ անցած տարածքներում արգելելով նոյեմբերի 9-ի համաձայնագրով սահմանված բռնի տեղահանված հայության վերադարձը, ինչը կարող էր հզոր խոչընդոտ հանդիսանալ հայկական միջավայրի ոչնչացման ճանապարհին, Ադրբեջանը սկսեց մարդկության դեմ կատարվող հանցանքների անարյուն փուլը՝ կուլտուրոցիդը, որի փորձ ադրբեջանական վարչակարգը կուտակել էր ինչպես նախորդ տասնամյակների վարչակարգերի հակահայկական վարքի փոխառումից, այնպես էլ սեփական գործողություններից։ Եթե անցած տասնամյակների ընթացքում Ադրբեջանն իրականացրել էր պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայկական ազգային-հոգևոր ժառանգության ջարդ, ապա 2020 թ․ պատերազմից հետո նույն քաղաքականությունը տեղափոխվեց Լեռնային Ղարաբաղ։

Սա մարտահրավեր է ողջ քրիստոնեական աշխարհի համար, քանի որ այն պարունակում է մարդկության և վերջինիս ստեղծած արժեքների դեմ ատելության աննախադեպ մակարդակ։ Միայն դրանով է հնարավոր բացատրել ապահայկականացման այն համակարգային քաղաքականությունը, որը վերածվել է Ադրբեջանի քաղաքական միջավայրի ամենահզոր առանցքին, որի վրա գործնականում էլ հենված է Ադրբեջանի արևելաբռնապետական նեոազգայնական վարչակարգը։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի քաղաքական և մշակութային վանդալիզմի քաղաքականությունը, որը շարունակաբար հանգեցրել է հայկական էթնոմշակութային արեալի կրճատմանը և տարածաշրջանի բնական կրոնամշակութային դիմագծի խեղմանը։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» ՀՀՄ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031