Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները, որոնք դեռ 2020 թ․ պատերազմից հետո պետք է ներկայացված լինեին Լեռնային Ղարաբաղում, թեյախմությամբ են զբաղվում ավելի քան 150 հազար հայերի էթնիկ զտման ճարտարապետներից մեկի հետ. հայտարարություն

Մայիս 20,2024 17:57

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը շարունակում է իր երեսպաշտական գործունեությունը՝ միջազգային հանրությանը և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին մոլորեցնելու և գեղեցիկ ձևակերպումների տակ հայկական էթնոցիդի իրողությունը թաքցնելու համար։

Հաջիևը հայտնել է, որ «լայն և բաց քննարկումներ է անցկացրել Բաքվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների մշտական ​​ներկայացուցիչների և դեսպանների հետ»։ Հետաքրքրական է, թե որքանով էր իրականում լայն և ինչ առումներով էր բաց ցեղասպանությունների փուլային պրակտիկա իրականացնող երկրի պաշտոնյանի վարած հանդիպումը։ Արդյո՞ք Հաջիևի պատկերացրած քննարկման «լայնությունը» ուղիղ համեմատական էր հայկական մշակույթի նկատմամբ ադրբեջանական հանցագործությունների շարքին և բաց այնքան, որքան, օրինակ, Հին Ջուղայի ավերված հայկական գերեզմանատունը՝ միջազգային հանրության համար։

Հաջիևը եզրակացրել է, թե «ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատկանում է բոլորիս և ողջ միջազգային հանրությանը։ Մենք պետք է ավելի պաշտպանենք և զարգացնենք այս կազմակերպությունը»։ Այստեղ խիստ խնդրահարույց է, թե ինչ է պատկերացնում Ադրբեջանի նախագահի օգնականը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության և զարգացման տեսլականի տակ։ Արդյո՞ք նա ակնարկել է այն նույն նավթադոլարների մասին, որոնք ապահովեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռությունը Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացման ժամանակ։

Այսօր Լեռնային Ղարաբաղի ողջ մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման ամենաիրական սպառնալիքի տակ։ Հայկական կրոնական, ազգային-հոգևոր կառույցները, ամբողջական բնակավայրեր ոչնչացվում, պղծվում, նենգախեղվում և այլակերպվում են։ Իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները, որոնք դեռ 2020 թ․ պատերազմից հետո պետք է ներկայացված լինեին Լեռնային Ղարաբաղում, թեյախմությամբ են զբաղվում ավելի քան 150 հազար հայերի էթնիկ զտման ճարտարապետներից մեկի հետ։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը ընթացիկ իրողությունների նկատմամբ։ Ադրբեջանական քաղաքական վանդալիզմն այլևս սահմաններ չճանաչող իրողություն է, որը երեսպաշտական ցինիզմի մակարդակի է հասել «թեյախմությունների» և նավթադոլարների շուրջ անդրկուլիսային առ ու վաճառքի արդյունքում։ Հետևանքը՝ հնագույն քրիստոնեական քաղաքակրթական օջախների, եզակի ճարտարապետական հորինվածքներով շինությունների, մշակութային ամբողջական համալիրների ոչնչացումն է։ Մենք պահանջում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ից վերջ տալ լռության և հարմարվողականության «թեյասիրական» գործելաոճին և իրականացնել սեփական մանդատով ենթադրվող գործողությունները։

«Գարդման Շիրվան Նախիջևան» ՀՀՄ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031