ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 11-15-ն անցկացվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթը: Այն իր հարկի տակ էր հավաքել 16 հայազգի պատանի կոմպոզիտորի ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից:
Մրցութային երկու փուլերի (մայիսի 11-ին և 13-ին, Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահ) ընթացքում կրտսեր խմբի (մինչև 13 տարեկան) մասակիցները ներկայացրել են մեկ հայալեզու երգ՝ գրված հայ բանաստեղծի տողերի հիման վրա, և մեկ՝ մինչև 5 րոպե տևողության մենանվագ ստեղծագործություն, ավագ խմբի (14-18 տարեկան) մասնակիցները՝ մեկ անսամբլային (մինչև չորս գործիքի համար) և ցանկացած գործիքի համար մեկ մենանվագ ստեղծագործություն (մինչև 10 րոպե տևողության):
Մայիսի 15-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացել են մրցույթի Գալա համերգն ու մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հնչել են մրցանակակիրների ստեղծագործությունները:
Կրտսեր խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Հայկ Ջուլհակյանը (դաս.՝ Արփինե Կալինինա), երկրորդ հորիզոնականը՝ Վիլյամ Չիլինգարյանը (դաս.՝ Վահագն Վարդանյան), երրորդ հորիզոնականը՝ Գագիկ Ավետիսյանը (դաս.՝ Արմենուհի Կարապետյան): Խրախուսական պատվոգրի արժանացել է մրցույթի ամենափոքր մասնակիցը՝ 8-ամյա Արիանա Ավետիսյանը (դաս.՝ Արմենուհի Կարապետյան):
Կարդացեք նաև
Ավագ խմբում հաղթող է ճանաչվել Էդգար Մխիթարյանը (դաս.՝ Մարիա Ղուշչյան): Ավագ խմբում և՛ երկրորդ, և՛ երրորդ հորիզոնականները կիսվել է երկու մասնակիցների միջև. երկրորդ հորիզոնականը զբաղեցրել են Գայանե Մխչյանը (դաս.՝ Արամ Հովհաննիսյան) և Վիկտորյա Ուլիխանյանը (դաս.՝ Սաթենիկ Հակոբյան), երրորդ հորիզոնականը՝ Սյուզաննա Աղամալյանը (դաս.՝ Նաիրա Դիվանյան) և Արեն Աբգարյանը (դաս.՝ Աշոտ Ղազարյան):
Նշենք, որ բոլոր մասնակիցները ստացել են խրախուսական նվերներ, պատվոգրեր, ոլորտի անվանի գործիչների հետ վարպետության դասերին մասնակցելու հնարավորություն, իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները՝ նաև մրցույթի անվանական գավաթներ: Հաղթողներն այս ամենից զատ՝ ստացել են նաև դրամական պարգևներ: Ի դեպ, դրամական պարգևներով պարգևատրվել են նաև մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչները:
Հավելենք, որ ժյուրիի կազմում էին անվանի մշակութային գործիչներ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ տեսական ֆակուլտետի դեկան, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, երաժշտագետ Աննա Ասատրյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԵՊԿ ջազ/փոփ երաժշտության ամբիոնի վարիչ, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանը, Էդվարդ Միրզոյանի անվան հանրապետական մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ