Ինչպես հայտնի է դարձել, Լատվիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Դաիգա Միերինայի գլխավորած պատվիրակությունը այցելել է Շուշի և Վարանդա քաղաքներ։ Վարանդայում Լատվիայի պատվիրակությունը այցելել է 44-օրյա պատերազմի զոհերի հուշարձանին, Վարանդայի մզկիթ և միջազգային օդանավակայան, Շուշիում պատվիրակությունն այցելել է Ադրբեջանի կողմից կանգնեցված հուշարձաններին, գորգերի թանգարան և այլն։
Լատվիայի Հանրապետության խորհրդարանի նախագահը, Շուշի և Վարանդա կատարած այցով, փաստացի խորը վիրավորանք է հասցնում ոչ միայն հայ ժողովրդի պատմական անցյալին, այլև միջազգային իրավունքի անքակտելի նորմերին, Արդարադատության դատարանի որոշումներին։
Արդյո՞ք Լատվիայի պատվիրակության անդամները, անցնելով Լեռնային Ղարաբաղի հայաթափված բնակավայրերով, հարց չեն տվել իրենց ուղեկցող պաշտոնյաներին, թե որտեղ են հազարամյակներով Լեռնային Ղարաբաղում բնակված հայերը, արդո՞ք չեն հարցրել, թե ինչու են ամենուրեք ոչնչացված հայկական հոգևոր ազգային հուշարձաններն ու քրիստոնեական կառույցները, ինչո՞ւ է կամայական «վերակառուցման» ենթարկվում Շուշիի Սբ․ Ղազանչեցոց եկեղեցին և ո՞ւր է Կանաչ ժամը։ Այս և նման այլ հարցերը խորը պատասխան չեն ակնկալում։ Դրանց բացատրությունը մեկն է՝ ադրբեջանական ռասիզմը՝ ուղղված հայության ֆիզիկական, հոգևոր և պատմական գոյության դեմ։ 2020-2023 թթ․ սանձազերծված պատերազմներով և 10-ամսյա շրջափակմամբ հարուցված հումանիտար աղետով Ադրբեջանն իրողություն դարձրեց հայության ֆիզիկական գոյությունը վտանգելու ծրագիրը, իսկ այժմ հայազրկում է ամբողջ Լեռնային Ղարաբաղը։ Իսկ այս իրողություններն իրեն անուններով չկոչող և ընտրանքային քաղաքականությամբ առաջնորդվող Լատվիայի Հանրապետության խորհրդարանի նախագահն ու իր պատվիրակությունը հանցակից են դառնում դրանց՝ օրինականացնելով բռնության ու պատերազմի պաշտամունքը, որով շարժվում է Ադրբեջանը։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը դատապարտում է Լատվիայի պատվիրակության քաղաքական «իներտությունը», որը հակասում է մարդու իրավունքների միջազգային նորմերին և Լատվիային վերածում անհեռատես հանցածին գործոնի։ Միաժամանակ՝ կոչով դիմում ենք Լատվիայի պետական կառույցներին, մտահոգ անհատներին՝ բարձրացնել Լեռնային Ղարաբաղի, Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայ բնակչության ոտնահարված իրավունքների՝ վերադարձի, գույքի, սեփականության հարցերը և համընդհանուր պահանջով հաշվի նստեցնել անպատժելիության էյֆորիայի տակ գործող ադրբեջանական պետությանը:
Կարդացեք նաև
«Գարդման Շիրվան Նախիջևան» ՀՀՄ