Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ պատգամավորներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց։ Գյուղի մուտքի մոտ մի քանի շարքով ոստիկանական պատեր են՝ հակագազերով եւ գազաբալոններով զինված ոստիկաններով։ Այսօր հայտնի է դարձել, որ Կիրանց գյուղի մեջտեղում սահմանային հենասյուներ են տեղադրվում։ Այս հիմքով էլ Կիրանց գյուղ տանող ճանապարհը փակվել է։ ԱԺ պատգամավորներին ու քաղաքացիներին դեռ թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը կարողացել է հասնել Կիրանց։ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը պահանջեց, որպեսզի ոստիկանները բացեն ճանապարհը եւ թույլ տան, որպեսզի լրագրողները, պատգամավորներն ու քաղաքացիները նույնպես հասնեն Կիրանց։ Ի պատասխան` ոստիկանները ուժ կիրառեցին եւ քաղաքացիներից ոմանց բերման ենթարկեցին։
«Ռեժիմը ցնցումների մեջ է, հոգեվարքի մեջ է, սրանք արդեն իրենց չափ ու սահմանն անցնել են, մարդիկ հանգիստ կանգնած են, մեր ճանապարհը փակել են, չեն թողնում մտնենք գյուղ։ Խոշտանգելով, բռնի ուժ կիրառելով՝ մարդկանց այստեղից տարան։ Հայտնի չէ, թե ուր են տարել։ Կարո՞ղ է բանդայի պարագլուխներ եք դուք, բանդիտներ եք, այ հանցագործ հրամաններ տվողներ, պատասխան եք տալու դրա համար, ինչի՞ համար եք բերման ենթարկում, այդ բանդիտական մեթոդներին վերջ տվեք։ Այս խոշտանգումների համար պատասխան եք տալու դուք բոլորդ»,- հայտարարեց Գառնիկ Դանիելյանը։
Նախնական տվյալներով` առնվազն 14 մարդ է բերման ենթարկվել Կիրանցի ճանապարհին:
Կարդացեք նաև
Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացել Կիրանց տանող ճանապարհին։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ