«Շատ կարեւորում եմ գործընթացը եւ միջոցառումը, որն իրականացվելու է մեր երկրում, որին ընդգրկված են 12 երկրներ: Դա եւս մի հնարավորություն է լինելու՝ նախնական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում՝ որակի բարելավմանն ուղղված աշխատանքները գնահատելու, վերագնահատելու, քարտեզագրելու այն աշխատանքները, որոնք պետք է իրականացնել որակը էլ ավելի բարձրացնելու տեսակետից, փորձելու այն համադրել այլ երկրներում անցկացվող կրթական գործընթացների հետ, հասկանալու, թե ինչպիսի փոփոխությունների կարիք ունենք»,- «Արմենպրեսի» մամուլի կայացած ասուլիսում նշեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը՝ անդրադառնալով Հայաստանի միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի միջազգայնացմանը, ETF փորձագետների կողմից ՀՀ միջին մասնագիտական կրթության համակարգի գործընկերային գնահատմանը:
«Այս շաբաթվա ընթացքում ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ, հուսով եմ, կընդունվի Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին օրենքը, որտեղ բազմաթիվ փոփոխություններ են կատարվել մասնագիտական կրթության իրականացման որակի բարելավմանն ուղղված, որոշակի կարգավորումներ կան հենց որակի ապահովմանն ուղղված գործընթացներն առավել կանոնակարգված եւ ժամանակակից պահանջներին մոտեցնելու տեսակետից»,-ասաց փոխնախարարը:
Նա հիշեցրեց, որ Կրթության զարգացման ռազմավարական ծրագրում գլխավոր ուղղություններից մեկը միջազգայնացումն է: Արաքսիա Սվաջյանն ընդգծեց, որ վերջին երկու տարվա ընթացքում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն ակտիվորեն ներգրաված են ԷՐԱԶՄՈՒՍ պլյուս ծրագրերում, ինչը նաեւ եվրոպական մի շարք ուսումնական հաստատությունների հետ համագործակցության, փորձի փոխանակմանը, որակի բարելավմանն ուղղված գործընթաց է:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ)տնօրեն Ռուբեն Թոփչյանի խոսքով. «Կրթության ռազմավարության նպատակներից մեկն այն է, որ մինչեւ 2030 թվականը պետք է հասնենք այն կետին, որ շրջանավարտների 90 տոկոսը հնարավորություն ունենա աշխատանք գտնել եւ աշխատել գործատուների պահանջներին համապատասխան: Դրա համար կրթության որակը ուշադրության կենտրոնում է ոչ միայն ծնողների, ուսանողների, այլեւ գործատուների կողմից, որովհետեւ իրենք սպասում են անհրաժեշտ արդյունավետությամբ աշխատուժի:
Կարդացեք նաև
Այսօրվա դրությամբ շեշտադրվում է, այսպես կոչված, ձեւավորող գնահատումը, որը ենթադրում է, որ ուսանողները պետք է պրակտիկ աշխատանք կատարեն սովորելու ընթացքում, անմիջապես ստանան հետադարձ կապ, որպեսզի բարելավեն իրենց սովորածը: Եվ այդպես, քոլեջների ավարտին իրենք ունենան անհրաժեշտ կարողություններ՝ գործատուի դաշտում»:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրենը հավելեց, որ այս նկատառումով ՈԱԱԿ-ը հրավիրել է Եվրոպական կրթական հիմնադրամի փորձագետների՝ 12 երկրներից, որպեսզի նրանք մայիսի 21-23-ը ուսումնասիրեն մեր համակարգը, հանդիպեն շահակիցների հետ եւ ապահովեն անհրաժեշտ խորհրդատվությամբ՝ ինչպես լուծել դրված խնդիրը. «Այդ խնդիրը սահմանված է որպես աշխատանքի միտված ձեւավորում՝ գնահատման որակի ապահովում: Այսինքն` որակի ապահովումը շեշտադրելու է գործատուներից ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն, որոնք գան անմիջապես ուսանողներին, եւ ուսանողները կկարողանան իրենց կարողությունները ցուցաբերել համապատասխան գործատուների պահանջներին: Մայիսի 23-ին սպասում ենք հետադարձ կապի, փորձագետները կասեն իրենց դիտարկումները, այնուհետեւ ՈԱԱԿ-ը եւ միջին մասնագիտական համակարգը կանցնեն գործի ու կբարելավեն իրենց ձեռքբերումները»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ