Արդեն տեղեկացրել ենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին, ԱԺ պատգամավորներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց։ Գյուղի մուտքի մոտ մի քանի շարքով ոստիկանական պատեր են՝ հակագազերով եւ գազաբալոններով զինված ոստիկաններով։ Այսօր հայտնի է դարձել, որ Կիրանց գյուղի մեջտեղում սահմանային հենասյուներ են տեղադրվում։ Այս հիմքով էլ Կիրանց գյուղ տանող ճանապարհը փակվել է։
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դիմեց ճանապարհը փակած ոստիկաններին․ «Սիրելի ընկերներ ջան, որ գնաք տուն, ի՞նչ եք ասելու, ասելու եք՝ 5 հազար, 10 հազար մարդով կանգնեցինք, մեր սրբազան հոր ճանապարհը փակեցինք, որ չգնա իր հայրենակիցներին տեսնի՞։ Դա՞ է ձեր գործառույթը, գո՞հ եք, շատ կարեւոր հանձնարարությո՞ւն եք կատարել։
Նախ ապահովեցինք անվտանգ ականազերծման աշխատանքը, դրանով հայրենիքի դարպասներն արդեն բաց են թշնամու առաջ։ Ձեր պարտականությունները շատ «փայլուն կատարել եք», հիմա էլ փակել եք ճանապարհը, որպեսզի Բագրատ սրբազանը գյուղ չմտնի։ Դա էլ է շատ կարեւոր առաքելություն, եւ դրա համար դուք կստանաք հերթական պարգեւավճարները, մինչեւ հերթական գյուղի հանձնումը չգա։ Ապօրինի որոշումներից զերծ մնացեք, հայրենիքից ու պատվից թանկ որեւէ բան չկա։ Մեր հոգու, սրտի, խղճի, երեխեքի, գերեզմանների առաջ պետք է պատասխան տաք։ Պետք է պատասխան տաք եւ այստեղ, եւ երկնքում։ Այստեղ մեկս մյուսին խաբեցինք, գնացիք էն աշխարհ, այս հողն ազատագրած հերոսներին, Արցախում զոհված հերոսներին ի՞նչ պատասխան եք տալու, ասելու եք՝ ապահովեցինք, որ ադրբեջանցին մտնի այստե՞ղ։ Սա մեր վերջն է, տղերք, չեք հասկանում, մեր լինելիության հարցն է»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ