«Միակողմանի զիջումները, որոնք արվել են ադրբեջանական կողմին, արդեն իսկ այսօր իրենց արտացոլումն են գտնում Կիրանց գյուղի տարբեր հատվածներում տեղադրված սյուներով։ Արդեն իսկ առաջին սյուներն են տեղադրվել Կիրանց գյուղում՝ գյուղը բաժանելով երկու մասի՝ ադրբեջանական եւ հայկական»,- Տավուշի մարզում հայտարարեց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին, ԱԺ պատգամավորներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց։ Գյուղի մուտքի մոտ մի քանի շարքով ոստիկանական պատեր են՝ հակագազերով եւ գազաբալոններով զինված ոստիկաններով։ Այսօր հայտնի է դարձել, որ Կիրանց գյուղի մեջտեղում սահմանային հենասյուներ են տեղադրվում։ Այս հիմքով էլ Կիրանց գյուղ տանող ճանապարհը փակվել է։
Գառնիկ Դանիելյանը հավելեց․ «Առանց որեւէ երաշխիքի, առանց միջազգային ստանդարտի, միջազգային նորմերի կիրառման միակողմանի զիջումներ են իրականացվել։ Չկա աշխարհում մի պրակտիկա, որ գյուղը բաժանելով երկու մասի՝ իրականացվի նման գործընթաց։ Ամբողջությամբ ապօրինի է, եւ այս իշխանությունները հուլիս ամսին ԱԺ-ում պետք է հաստատեն սահմանազատման եւ սահմանագծման նորմը։ Այսինքն՝ առանց նորմերը հաստատելու, առանց որեւիցե բանի զիջվում են կենսական նշանակություն ունեցող տարածքներ, առաջնագիծ, գերիշխող դիրքեր, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, սրբավայրեր, եկեղեցիներ։ Սահմանն անցնելու է Կիրանց գյուղի կենտրոնում գտնվող դպրոցի հարեւանությամբ։ Ինչպե՞ս պետք է հայ մարդն անվտանգ լինի»։
Նա հայտարարեց, որ սա հիմք է դնում ՀՀ զինված ուժերի կազմաքանդման։ «Այսպես կոչված սահմանապահ զորքեր տեղակայելով՝ ՀՀ զինված ուժերը լուծարվելու են։ Դա Իլհամ Ալիեւի պահանջն է, ասում են՝ եթե չկատարենք, պատերազմ է լինելու»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Գառնիկ Դանիելյանը հիշեցրեց, որ 1990-ական թվականներին ՀՀ անվտանգությունն ապահոված հերոսներն Ադրբեջանի ցուցակներով հանցագործ են։ «Պիտի պահանջեն ՀՀ իշխանություններից, ասեն՝ քանի որ դուք այստեղ մեր ներկայացուցիչներն եք, այս մարդկանց հանձնեք։ Ոնց որ Արցախի մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը հանձնեցին, հիմա էլ Բաղանիսում ցուցակները հրապարակվել են, նախնական ցուցակներ են, ասելու են՝ դե որ էս մարդկանց չհանձնենք, պատերազմ է լինելու, ժողովուրդ ջան»,- ասաց նա։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ