Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

ՆԳՆ-ն չի վերահսկում, թե ովքեր են կայանում տաքսիների կայանատեղերում. Իրազեկ քաղաքացիների միավորում

Մայիս 20,2024 15:32
taxi

Տարվա սկզբից Երևանի ավագանու որոշմամբ թանկացել են ավտոմեքենաների վճարովի կայանատեղերի՝ «կարմիր գծերի» տարեկան դրույքաչափերը․ նախկինում սահմանված 12,000 դրամ տարեկան վճարի փոխարեն կայանատեղիները բաժանվեցին «Ա» և «Բ» գոտիների, և կենտրոնում (Ա գոտում) կայանման տարեկան վճարը կտրուկ բարձրացավ՝ դառնալով 160,000 դրամ։ Փաստացի 13-ապատիկ թանկացման պատճառը, ըստ իշխող ուժի, Երևանի կենտրոնի բեռնաթափումն է։

Ըստ «Հետքի» կատարած ուսումնասիրության՝ փետրվարի դրությամբ քաղաքապետարանը դրական է գնահատում կենտրոնի բեռնաթափմանն ուղղված այս թանկացումը, սակայն վերջնական տվյալներ չի հայտնում։ Չնայած բողոքներին և դժգոհությանը՝ երևանցի վարորդները պարտաճանաչ կերպով ստիպված կատարում են վճարումները, բայց որոշներն էլ չեն համակերպվում այս իրողության հետ և փորձում են այլընտրանքային տարբերակներ գտնել։

Ստորև անդրադարձել ենք վարորդների՝ օրենքը շրջանցելու ու վճարներից խուսափելու եղանակներից մեկին՝ տաքսիների համար նախատեսված կայանման վայրերում կայանելուն։

Տնտեսում՝ տաքսիների հաշվին

Կայանատեղերի համար չվճարելու, ինչպես նաև ուղղակի հարմար տեղում կայանելու նպատակով վարորդների մոտ վաղուց արդեն տարածված է տաքսի ծառայության համար նախատեսված կանգառներում խախտումով կայանելու պրակտիկան։ Այսպես նրանք ազատվում են կարմիր գծերի համար վճարներից, ունենում են հարմար կայանատեղի կենտրոնում, իսկ եթե բռնվեն՝ վատագույն հետևանքը կլինի 3000 դրամ տուգանքը (ՎԻՎՕ 124-րդ հոդվածի 21-րդ մաս

Պարզաբանենք՝ Ճանապարհային երթևեկության կանոնները մեզ սովորեցնում են, որ կան տարբեր նշանակության տրանսպորտային միջոցների համար կանգառը կարգավորող գծանշումներ, օրինակ՝ հասարակական տրանսպորտի համար սահմանված կարմիր զիգզագաձև գծանշումները, իսկ տաքսիների համար՝ դեղին հոծ գիծը և «Թեթև մարդատար տաքսիների կայանման տեղ» նշանը, որը տեսնում եք ձախ հատվածում։ Այս կանգառներում կայանումն արգելվում է անձնական տրանսպորտային միջոցների համար, իսկ եթե գծանշում չկա՝ կանգառի ցուցանակից 15մ մոտ։

Հնարամիտ վարորդները գիտեն, որ ոստիկանությունը չի անցնելու յուրաքանչյուր կանգառով և դժվար թե անհատապես ստուգի՝ տվյալ կայանված ավտոմեքենան տաքսի ծառայության լիցենզիա ունի՞, թե՞ ոչ։ Վերահսկողությունն ըստ արտաքին տեսքի է, իսկ արտաքինից տաքսի մեքենայի տեսք ունենալը դժվար բան չէ, ուստի կարող են կայանել տաքսիների կայանավայրերում՝ ապահովագրելով իրենց միայն «ՏԱՔՍԻ» տարբերանշանը տեղադրելով մեքենայի տանիքին, որն էլ Կառավարության թիվ 655-Ն որոշմամբ տաքսի ծառայություն իրականացնող ավտոմեքենաների համար սահմանված կահավորման պարտադիր ատրիբուտներից ամենատեսանելին է։

Սակայն մեր ֆիքսած լուսանկարում հստակ երևում է տաքսի ծառայության կայանատեղում կայանված (ձախ կողմից եզրից) ավտոմեքենան, որը առանց տարբերանշանի է և արտաքնից որևէ կերպ պարզ չէ՝ տաքսի ծառայություն մատուցո՞ւմ է, թե՞ ոչ։

Փաստացի, վարորդին ավելի ձեռնտու է գնալ ռիսկի (որը, առանձնապես, ռիսկ էլ չէ) և կայանել Կենտրոնի տաքսիների կանգառներում, իսկ բռնվելու դեպքում, ինչը հազվադեպ կարող է լինել, վճարել 3000 դրամ տուգանք, քան տալ ամսական 18,000 դրամ կամ օրվա համար 2000 դրամ (վճարովի կայանատեղերի տուրքը)։ Նշենք, որ «ՏԱՔՍԻ» տարբերանշանները շուկայում արժեն մոտ 2000-5000 դրամ և բավականին հեշտ ձեռքբերելի են, իսկ դրանց վաճառքը չի կարգավորվում որևէ մարմնի կողմից։

Արդյունքում ունենում ենք անարդարացի իրողություն․ օրենքով տաքսիների համար նախատեսված կայանման վայրերը բեռնվում են այլ մեքենաներով, իսկ իրավախախտները գրեթե երբեք չեն ենթարկվում պատասխանատվության։

Ինչպե՞ս է ոստիկանությունը վերահսկում խախտումներով կայանումները

Այս խնդրով Ներքին գործերի նախարարություն ուղղված հարցմամբ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» փորձել է ճշտել, թե ի՞նչ միջոցներ են կիրառվում իրավախախտումը բացահայտելու և կայանումների կարգը վերահսկելու համար։ Մասնավորապես՝ արդյո՞ք ոստիկանությունը ստուգում է տաքսի ծառայություն իրականացնող ավտոմեքենաների համար հատկացվող կայանատեղիներում կայանված՝ տանիքին «ՏԱՔՍԻ» գրառմամբ տարբերանշանով ավտոմեքենաների լիցենզիայի առկայությունը, թե՞ բավարարվում է տարբերանշանով։

Պատասխան նամակը հայտնում է, որ իրականացվում են ընդհանուր ստուգումներ տաքսի ծառայության լիցենզիայի առկայության կամ բացակայության վերաբերյալ՝ համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հետ։ Ինչ վերաբերում է կայանված ավտոմեքենաների ստուգումներին, ապա ՆԳՆ-ից, վկայակոչելով ՀՀ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 224-րդ հոդվածը՝ հայտնեցին, որ տվյալ գործառույթը կամ «վարչարարության հետ կապված այլ գործառույթներ» կատարելու լիազորություն ոստիկանությունը չունի։

Տեղեկացանք նաև, որ ոստիկանությունը չի տիրապետում տաքսիների պետական համարանիշների բազային և ոչ էլ հավաքագրում է այս տվյալները։ Այնինչ, Պետական եկամուտների կոմիտեն տաքսի ծառայության լիցենզավորման գործընթացի շրջանակներում պիտի որ տիրապետեր այս տվյալներին` հաշվի առնելով, որ տաքսիների պարտադիր լիցենզավորման գործընթացում այս տարվա սկզբից հայտարարագրվում են ծառայությունը մատուցող ավտոմեքենաների տվյալները։

Այսինքն, ոստիկանությունն ունի միայն օրենքով նախատեսված լիազորություններ և սխալ վայրում կայանմանը վերաբերող ճանապարհային երթևեկության կանոնի պահպանման ուղղությամբ ոչ մի հետաքննություն չի իրականացնում, որովհետև դրա վերաբերյալ օրենքի պահանջ չկա։

Բայց չէ՞ որ «Ոստիկանության մասին» օրենքի 13-րդ հոդվածն էլ պնդում է, որ ոստիկանությունը պարտավոր է իրականացնել պետական վերահսկողություն ճանապարհային երթևեկության կանոնների և տեխնիկական նորմերի պահանջների պահպանման նկատմամբ։ Հետևաբար, տաքսի ծառայության համարանիշների բազան ունենալու օգնությամբ կայանատեղիներում խախտումով կայանված մեքենաների համարանիշները ստուգելը չի հակասում ոստիկանության հիմնական գործառույթներին, ուղղակի մի փոքր ավել ջանք է պահանջում։

Ավելին՝ ըստ «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի՝ տաքսի ծառայությունը ենթակա է պարտադիր լիցենզավորման, իսկ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով սահմանված են տաքսի ծառայություն իրականացնող թեթև մարդատար մեքենաների համար տուրքերը: Հետևաբար՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պիտի որ ունենա տաքսի ծառայության լիցենզիա ունեցող ավտոմեքենաների համարանիշների բազա, որը կարող է փոխանցել ոստիկանությանը, վերջինս էլ կազմակերպել այս իրավախախտման դեմ աշխատանքները։

Հարցմամբ ստուգել ենք այս ենթադրությունը և Պետական եկամուտների կոմիտեի պատասխանով տեղեկացել, որ կառույցը տիրապետում է թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոմեքենաների պետհամարանիշներին, որոնք գրանցվում են ծառայության լիցենզավորման համար արտոնագրեր ստանալու նպատակով պահանջվող հայտարարություններով։ Այս հայտարարություններով ներկայացված տվյալները հաշվառվում են ՊԵԿ-ի տվյալների շտեմարանում, սակայն տվյալների փոխանակում չի իրականացվում Ներքին գործերի նախարարության հետ։

Ունենալով ՊԵԿ-ի կողմից առանց լրացուցիչ ջանքի հավաքագրվող տաքսիների համարանիշների բազան՝ ոստիկանությունը տեսանկարահանող սարքերի միջոցով, ինչպես նաև Պարեկային ծառայության պարեկության ընթացքում քաղաքով շրջելիս, կարող է ընթացիկ ստուգումներ իրականացնել և այդպիսով ոչ միայն ֆիքսել այս իրավախախտումն իրականացնող վարորդներին, այլ նաև նպաստել խախտումների կանխարգելմանը։

Այսպիսով, իմանալով, որ ոստիկանությունը կարող է կարգավորել այս ոլորտը ևս՝ վարորդները չեն փորձի կամ ավելի հազվադեպ ռիսկի կդիմեն տաքսիների համար նախատեսված վայրերում կայանելու կարգը շրջանցելիս։

Ճանապարհային երթևեկության կարգավորման իր պարտականությունների շրջանակներում ոստիկանությունը պետք է ՊԵԿ-ի արդեն իսկ հավաքագրված տվյալներով ստանա լիցենզավորված տաքսիների համարանիշների ցանկ և վերահսկի տաքսի ծառայության համար նախատեսված կայանավայրերը։ Այդ կերպ կայանատեղերից օգտվելու հնարավորություն կստանան կամ ուղղակի այդ հնարավորությունը չի սահմանափակվի այն վարորդների համար, որոնք կատարել են իրենց պարտքը պետության առջև, վճարել են անհրաժեշտ տուրքերը և ստացել են տաքսի ծառայություն իրականացնելու լիցենզիա։

Լիլիթ Ղազարյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031