Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հաագայում համաժողովի ընթացքում Խաչիկ Հարությունյանը հիշեցրել է ԼՂ պատմամշակութային ժառանգության ոչնչացման, բռնայուրացման դեպքերը

Մայիս 20,2024 13:51

Նիդերլանդների թագավորության Հաագա քաղաքում օրերս անցկացվել է «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» (Հաագա, 1954 թ.) 70-ամյակին նվիրված միջազգային համաժողով, որը կազմակերպել էին ՅՈՒՆԵՍԿՕն, Նիդերլանդների թագավորությունը, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպություններ։

Համաժողովին մասնակցում էին տասնյակ երկրների պատվիրակներ, ժառանգության ուսումնասիրման ոլորտի տասնյակ կազմակերպություններ, փորձագետներ։

Համաժողովին մասնակցում էր նաև հայաստանյան պատվիրակությունը՝ ի դեմս  ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանի և նախարարության մշակութային ժառանգության վարչության մշակութային ժառանգության պահպանության և զարգացման բաժնի պետ Գառնիկ Մոմջյանի։

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը 2021-2023 թթ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ հաջողությամբ և բարձր մակարդակով իրականացրած «Համաշխարհային ժառանգության կառավարումը Հայաստանում» ծրագրի շնորհիվ հրավեր էր ստացել համաժողովի գլխավոր դահլիճի հարակից սրահում միջազգային նշանավոր կազմակերպությունների (ԻԿՕՄՕՍ, ԻԿՌՕՄ, ԻԿՕՆԵՄ, ԱԼԻՖ, Կապույտ վահան, Հոնկոնգի համալսարան) կողքին ունենալու իր առանձին տաղավարը, որտեղ երեք օր շարունակ ներկայացվել են գիտահետազոտական կենտրոնի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ ծրագիրը, հուշարձանների թվայնացման, եռաչափ մոդելավորման, ինչպես նաև նորագույն սարքավորումներով իրականացրած հետազոտական մյուս աշխատանքները, կրթական ծրագրերը և այլ նախագծեր։ Հայկական տաղավար են այցելել տարբեր երկրների պատվիրակներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների դեսպաններ, միջազգային հետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնցից մի քանիսի հետ ձեռք են բերվել առաջիկայում համատեղ նախագծեր իրականացնելու պայմանավորվածություններ։

Հայկական տաղավարում ներկայացվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՀՀ ԱԳ նախարարության և Մաշտոցյան Մատենադարանի համատեղ իրականացրած իրաքյան Էրբիլ քաղաքի ձեռագրական կենտրոնի ձեռագրերի թվայնացման և վերականգնման նախագիծը, որի արդյունքում Մատենադարանի աշխատակցները փորձի փոխանակման և վերապատրաստման դասընթացներ են վարել Էրբիլի կենտրոնի աշխատակիցների համար։

Համաժողովի ընթացքում, ի թիվս տարբեր հարցերի, քննարկվել են նաև զինված հակամարտությունների պայմաններում մշակութային ժառանգության (նյութական և ոչ նյութական) պահպանության համար իրավական նոր մեխանիզմների անհրաժեշտությանն առնչվող հարցեր, ինչպես նաև նորագույն սարքավորումների դերն այդ գործում։ Այս համատեքստում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը ներկաներին հիշեցրել է ԼՂ պատմամշակութային ժառանգության ոչնչացման, բռնայուրացման դեպքերը, ինչպես նաև կարևորել հնարավոր նոր մեխանիզմների անհրաժեշտությունը ԼՂ-ում հայկական (համամարդկային) ժառանգության մշտադիտարկման և պահպանության ուղղությամբ։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031