Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության նախագահ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան գրառումը
Սիրելի ժողովուրդ,
Մեր գնահատականը Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի վերաբերյալ հնչեցրել ենք դեռեւս մայիսի 1-ին՝ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության հիմնադիր համագումարին։
Այդ գնահատականը հետեւյալն է․
Կարդացեք նաև
2021-ի ընտրություններով ձեւավորված կառավարության խոսույթը մի քանի անգամ էական փոփոխությունների է ենթարկվել մեր երկրի առաջ ծառացած ամենակենսական խնդրի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում։ Սկսած Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որպես «կարմիր գիծ» ճանաչելուց, մինչեւ Արցախի իսպառ ուրացում, սկսած Եվրաինտեգրացիայի խոստումներից, մինչեւ Աստանա եւ «ռեգիոնալիզացիա»։ Հետեւաբար, նրանց հռչակած որեւէ սկզբունք ու «կարմիր գիծ» այսօր ոչ մի հավատ չի ներշնչում։ Իշխանություն, որն այս տարիների ընթացքում հազար ու մի սահման է խախտել, հազար ու մի խոստումից հետ կանգնել, այդ իշխանությունն այլեւս կորցրել է Հայաստանի ճակատագրին վերաբերող հարցերով զբաղվելու լեգիտիմ իրավունքը։
2021-ի ընտրության ժամանակ ՔՊ-ին տված քվեն այլեւս առ ոչինչ է։
Գործող իշխանությունը չունի բավարար կոմպետենտություն, գիտելիքներ եւ կարողություններ՝ այս կարեւորագույն հանգրվանում Հայաստանն առաջնորդելու համար։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան։
Անդրադառնամ նաեւ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ իր հետ հանդիպելու հրավերին։ Նախ, շնորհակալ եմ Սրբազանին հրավերի համար եւ սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդի եւ սիրված հոգեւորականներից մեկի հետ՝ իմ հարգանաց հավաստիքը նրան անձամբ փոխանցելու եւ, ինչու ոչ, զրուցելու «չարի ու բարու, ստի եւ ճշմարտության» (ինչպես Սրբազանն է ասում) կամ «սեւ ու սպիտակ ուժերի» (ինչպես ես եմ ասում) մշտարդիական պայքարի մասին։
Ինչ վերաբերում է Սրբազանի գլխավորած քաղաքական պայքարին, ապա թեեւ խոր գաղափարական անհամաձայնություն ունենք շարժման կողքին կանգնած հիմնական քաղաքական ուժերի ու հարթակից հնչած մի շարք թեզերի հետ, այդուհանդերձ, դրական ենք գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես։
Փաստ է, որ մայիսի 9-ին կայացած հանրահավաքը ամենաբազմամարդն էր 2018-ի ժողովրդական շարժումից հետո եւ մեկ անգամ եւս ապացուցեց, որ Փաշինյանի իշխանությունը կորցրել է հանրության վստահությունը։
Միեւնույն ժամանակ համոզված ենք, որ նոր իշխանությունը Հայաստանում պետք է ձեւավորի միայն ժողովուրդը՝ ազատ, հավասար, համընդհանուր արտահերթ ընտրությունների արդյունքում։