Լրահոս
Օրվա լրահոսը

Գնացեք եւ բանկերին բացատրեք, որ վերացնեն 50 տոկոսի վրա դրված արգելանքները

Մայիս 20,2024 12:00

Մինչ Վճռաբեկ դատարանը փետրվարին հերթական նախադեպային որոշումը կկայացներ, այն է՝ սնանկության գործերով աշխատավարձն ամբողջությամբ բռնագանձման ենթակա չէ, միեւնույն է, սնանկության գործերով քաղաքացիները դիմումներ են գրում, մերժվում, որի մասին բարձրաձայնում է քաղգործերով ճանաչված փաստաբանը: «Առավոտը» ներկայացնում է այն:

ՀՀ սնանկության դատարանի որոշ դատավորների կողմից ձեւավորված պրատիկան մեծ խնդիրներ է առաջացնում քաղաքացիների համար:

Այն դեպքում, երբ ՀՀ սնանկության դատարանի կողմից որոշում է կայացվում արգելանք դնել քաղաքացու գույքի եւ դրամական միջոցների վրա, բանկերի կողմից արգելանքներ են կիրառվում քաղաքացու ամբողջ աշխատավարձի վրա։

Դրանից հետո քաղաքացին ստիպված աշխատավարձի չափի եւ բանկային հաշվի վերաբերյալ տեղեկանքի հիման վրա դիմում է դատարան՝ խնդրելով գոնե իր աշխատավարձի 50 տոկոսի վրա դրված արգելանքը վերացնել, քանի որ դատարանի որոշման հիման վրա արգելանք է կիրառված իր ողջ աշխատավարձի վրա, իսկ օրենքով արգելված է աշխատավարձի 50 տոկոսի վրա բռնագանձում տարածել: Սակայն արդարադատություն իրականացնող մեր որոշ դատավորներ մերժում են քաղաքացու դիմումը, պատճառաբանելով, որ իրենք որոշում են կայացրել արգելանք դնել բռնագանձման ենթակա գույքի վրա: Գնացեք եւ բանկերին բացատրեք, ասեք՝ թող իրենք վերացնեն 50 տոկոսի վրա դրված արգելանքները…

Հարկ եմ համարում նշել, որ դատարանի կողմից պետք է կայացվեն այնպիսի որոշումներ, որոնք չպետք է ունենան որոշակիության հետ կապված խնդիրներ: Դատական ակտի որոշակիության խնդրի պատճառով քաղաքացին չպետք է ամիսներով զրկվի ապրուստի միջոցից։ Ստացվում է, որ քաղաքացին ինքը պետք է գնա բանկերի հետ կռիվ տա եւ բացատրի, որ դատարանն արգելանք է դրել բռնագանձման ենթակա գույքի վրա, իսկ աշխատավարձի 50 տոկոսը բռնագանձման ենթակա չէ։

Հարգելի արդարադատություն իրականացնողներ, ուզում եմ հասկանալ, ինչ դժվարություն կա, որ դատարանը որոշման մեջ նշի, որ արգելանք չի կարող կիրառվել աշխատավարձերի 50 տոկոսի վրա, ինչն է խանգարում կայացնել անձի իրավունքները սահմանափակող այնպիսի դատական ակտ, որը պարզ եւ հասկանալի լինի ինչպես քաղաքացիներին, այնպես էլ արգելանքները կիրառող բանկերի համար։ Կամ, ինչու դատարանները չեն բավարարում քաղաքացու դիմումը՝ հստակ նշելով, որ չի կարող արգելանք կիրառվել քաղաքացու աշխատավարձի 50 տոկոսի վրա։ Արդյոք արդար է, որ դատարանի կողմից մերժվում է քաղաքացու դիմումը, որով ընդամենը քաղաքացին խնդրել է կիրառել օրենքի պահանջը եւ վերացնել իր աշխատավարձի վրա դրված արգելանքի 50 տոկոսը, որպեսզի կարողնա գոնե լուծել իր գոյատեւման հարցը:

Կարծում եմ, որ նման պրակտիկան չի բխում արդարադատության շահերից, նման պրակտիկան կվնասի դատարանների խարխլվող հեղինակությանը:

Ղևոնդ ՊԱՊՈՅԱՆ

Փաստաբան

«Առավոտ» օրաթերթ
18.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031