Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասարակ քաղաքացին՝ երկրի իրական տերը, պետք է պատրաստ լինի համապատասխան վերջնագիր ներկայացնելու իշխանությանը, երբ պայթի նրա թեզի փուչիկ լինելը»

Մայիս 20,2024 13:00

«Առավոտի» զրուցակիցն է հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Հայրապետյանը։

– Պարոն Հայրապետյան, հայտարարվեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները վերջին շրջանում կատարած աշխատանքի հիման վրա արձանագրություն են ստորագրել։ Հայաստանի իշխանությունները փորձում են ներկայացնել, թե տեղի են ունենում սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ եւ «լեգիտիմ սահման» է գծվում։ Իրականում այդպե՞ս է, սա լեգիտիմ գործընթա՞ց է, տեղադրված սյուները խաղաղություն բերելո՞ւ են, զսպելո՞ւ են Ադրբեջանին։

– Այն հատվածում, որտեղ սահմանազատման աշխատանքներ են կատարվել, գործողությունը միանգամայն լեգիտիմ է, քանի որ չի խախտում մեր Սահմանադրությունը։ Այլ խնդիր է, որ նույն լեգիտիմությունը դժվար թե հնարավոր լինի ապահովել մի քանի կիլոմետր հեռավորության վրա, որը իրավաբանորեն Հայաստանին է պատկանում, սակայն գտնվում է ադրբեջանական ռազմակալման ներքո։ Անշուշտ, գրեթե անհավանական է, որ տեղադրվող սյուները խաղաղություն ապահովեն եւ զսպեն Ադրբեջանին։ Անվտանգության գերագույն երաշխիքը մեր պաշտպանական դիմադրողականությունն է, որն այնպես ջանասիրաբար մսխվեց վերջին տարիներին, թեեւ մինչ այդ էլ մի բան չէր։

– Իշխանությունները մարդկանց «խաղաղության» կեղծ թեզով են կերակրում, սպառնում, որ եթե տարածքները չզիջվեն, պատերազմ կլինի։ Սա ինչպե՞ս եք գնահատում, պարզ է, որ մարդիկ խաղաղություն ուզում են, բայց ինչպե՞ս պետք է կողմնորոշվի հասարակ քաղաքացին։

– Համամիտ եմ, թե այդ թեզը կեղծիք է. ավելին՝ այս գործընթացն ավելի է մեծացնում պատերազմի հավանականությունը, երբ մեր զինուժն առավել անբարենպաստ ռազմավարական դիրքերում հայտնված կլինի։ Հասարակ քաղաքացին՝ երկրի իրական տերը, պետք է պատրաստ լինի համապատասխան վերջնագիր ներկայացնելու իշխանությանը, երբ պայթի նրա թեզի փուչիկ լինելը։

– Տավուշի թեմի առաջնորդի ղեկավարությամբ մարդիկ փողոց են դուրս եկել, այս շարժումը կկարողանա՞ հաջողության հասնել, կանխել այս գործընթացները։

– Այո, մարդկանց որոշակի խմբեր արքեպիսկոպոսի առերեւույթ առաջնորդությամբ փողոց են ելել, սակայն չեմ կարծում, թե հաջողություն կունենան, մանավանդ որ, ինքս էլ չեմ հասկանում, թե որն է իրենց պատկերացրած հաջողությունը։ Սակայն իմ չհասկանալը չի խանգարում, որ ես իրենց պատկերացրած հաջողությունը մաղթեմ իրենց, եթե իհարկե՝ «Աստծուց են կոչված եւ ոչ իրենք իրենցից պատիվ գտած ու աշխարհ ավերող ավազակների բնութենակից», ինչպես Խորենացին կասեր։

– Ի՞նչ պետք է անել, դուք լուծումների ի՞նչ ճանապարհներ եք տեսնում։

– Կարծում եմ, որ երկրորդ եւ երրորդ նախագահների պատգամավորները երբեւէ պետք է միասնաբար վայր դնեն մանդատները եւ հասնեն խորհրդարանական նոր ընտրությունների՝ մինչ այդ, թեկուզ ճակատագրորեն ուշացմամբ, կատարելով Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկը՝ հուշագիր ստորագրեն, թե չեն հավակնում առաջնորդության եւ երաշխավորում են ներկա ղեկավարի անվտանգ հեռացումը։ Բայց սա անիրական է, քանի որ մեր քաղաքական դաշտն արյունամած աչքերով գիշատիչների խնջույք է հիշեցնում, ուր «ծիծաղում ու քրքջում են արնաքամ ընկած երկրի դիակի վրա»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031