Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա հարցադրում է, որ անում են այն իրավիճակում, երբ դիտավորյալ նպատակ են ունենում վիրավորելու հայրենիքի կորստի ցավից առանց այն էլ մղկտացող արցախցուն»

Մայիս 20,2024 08:37

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումը, որը Տավուշի ոստիկանության պետն ուղղեց ֆոտոլրագրող Դավիթ Ղահրամանյանին, սովորական մի հարցադրում չէ, որ անում են կառուցողական երկխոսության ժամանակ։

Դա հարցադրում է, որ անում են այն իրավիճակում, երբ դիտավորյալ նպատակ են ունենում վիրավորելու հայրենիքի կորստի ցավից առանց այն էլ մղկտացող արցախցուն, երբ նպատակ են ունենում ասելու, որ Հայաստանը քո հայրենիքը չէ, և իրավունք չունես խոսելու։ Դա անում են դիտավորյալ՝ ցավեցնելու արտահայտված նպատակադրմամբ։

Ընդ որում՝ այսօրվա ոստիկանը միակը չէ, որ այս ընթացքում նման հարցադրում է արել։ Ես վստահ եմ, որ այդ հարցադրումն անողները պատասխանը շատ լավ գիտեն, ու կարիք չկա նրանց նորից բացատրելու արցախցիների՝ ադրբեջանական վերահսկողության տակ մնալու հետևանքները։

Իսկ եթե հազարավոր տնավեր հայրենակիցների ամենօրյա ցավը տեսնելով՝ այնուամենայնիվ մարդը որոշում է նման հարցադրում անել, ուրեմն ոչ մի խրատ ու խորհուրդ նրան չի փրկի տմարդության և անբարոյականության այդ գարշելի անդունդից»:

Ինքը՝ Դավիթ Ղահրամանյանը, ֆեյսբուքյան էջում այսպես է արձագանքել Տավուշի ոստիկանապետի արտահայտությանը. «Ես հավատում եմ, որ Արցախ վերադառնալը հնարավոր է և սա պաթետիկ խոսքեր չեն։ Դրան հասնելու համար երկար և դժվար ճանապարհ ունենք անցնելու, բայց առանց թրքահպատակների, առանց պարգևավճարի դիմաց Հայրենիք վաճառողների, նաև Հայրենիքի համար գործով, ոչ թե միայն խոսքով պայքարողների շնորհիվ։

Պարոն ոստիկան ջան, իմ հոգին խաղաղ է, որովհետև ես գիտեմ ինչ ունեմ արած Հայրենիքիս համար, կարող է շատ չնչին բան եմ արել, բայց երբեք շահի համար իմ սկզբունքներին չեմ դավաճանել։

Դուք մտածեք…. մնացածը ընկերներս գրել են, ինչի համար շատ շնորհակալ եմ ընկերներ ջան։ Կարող եք թերթել իմ էջը և կարդալ, պարոն ոստիկան ջան։

Իմիջիայլոց, Ձեր հեռանալուց հետո, երբ համացանցում նայում էի այդ տեսաձայնագրությունը, ձեր ենթականերից մեկը մոտեցավ, մի շատ պարկեշտ ոստիկան, կարծելով որ Լենա տատիկի ծննդյան տեսաձայնագրությունն եմ նայում, ուզում էր ինքն էլ նայեր.

-Լենա տատիկի՞ն են շնորհավորում:

Նայեցի աչքերի մեջ և ասացի.

-Ոչ, ձեր պետի մասնակցությամբ տեսաձայնագրությունն եմ նայում, որտեղ նա ասաց «Բա Արցախից ինչի՞ դուրս եկաք: Մնայիք Արցախում:

Եվ նա գլուխը կախ, առանց մի բառ խոսալու հեռացավ»:

Դավիթ Ղահրամանյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031