Վթարի հետևանքով զոհվել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի բոլոր ուղեւորներն ու անձնակազմը։ Այս մասին հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը։
«Երբ հայտնաբերվել է կործանված ուղղաթիռի վայրը, ուղղաթիռի կենդանի ուղեւորների հետքեր չեն հայտնաբերվել»,- ասել է նա IRIB հեռուստաալիքի եթերում ։
Ուղղաթիռում էին նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը:
Կարդացեք նաև
Ուղղաթիռում եղել է 9 մարդ, որից 2-ը՝ օդաչու, 7-ը՝ ուղեւոր: Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 19-ին հայտնի դարձավ, որ ուղղաթիռը, որտեղ գտնվում էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, անհետացել է կամ ինչպես իրանական պետական Tasnim գործակալությունն է հայտնում, «կոշտ վայրէջք է կատարել»։ Ռայիսին վերադառնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից։
Ուժի մեջ է մտնում ԻԻՀ սահմանադրության 131-րդ հոդվածը, որի համաձայն՝ նախագահի մահվան կամ երկարաժամկետ հիվանդության դեպքում երկրի կառավարումը անցնում է առաջին փոխնախագահին՝ հոգևոր առաջնորդի հաստատմամբ, և 50 օրվա ընթացքում պետք է կազմակերպվեն ընտրություններ: Առաջին փոխնախագահն է Մոհամմեդ Մոխբերը: