Մարդիկ, որոնք միգրեն ունեն, լավ պատկերացնում են, թե ինչ հյուծիչ կարող են լինել նյարդաբանական այդ խանգարման ախտանշանները։ Գլխացավից բացի՝ միգրենը կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, լույսի, ձայների ու բույրերի նկատմամբ զգայունություն։ Ուստի այդ խնդիրն ունեցող մարդկանց համար շատ կարևոր է միգրենի դրվագները խթանող կոնկրետ տրիգերները ճանաչելն ու դրանցից խուսափելը։ Այս պարզ խորհուրդները կօգնեն հնարավորինս նվազեցնել միգրենի գրոհների առաջացման հավանականությունը։
1․ Խուսափել բարձր ձայներից ու պայծառ լույսից։
Բարձր ձայներն ու առկայծող լույսերը հաճախ են համարվում միգրեն խթանող գործոններ։ Դրանցից միշտ չէ, որ հնարավոր է խուսափել, սակայն հնարավոր բոլոր դեպքերում պետք է նվազեցնել դրանց ազդեցությունը։ Համակարգչով կամ էկրանների հետ աշխատելու դեպքում կարևոր է ընդմիջումներ կատարելը, էկրանի լույսը կարգավորելը՝ աչքերին հանգստանալու հնարավորություն տալով։
2. Ուշադիր լինել մթերքների ընտրության հարցում։
Կարդացեք նաև
Որոշակի մթերքներ ու ըմպելիքներ կարող են խթանել միգրենի դրվագները, օրինակ՝
- շոկոլադը,
- կարմիր գինին,
- շամպայնը,
- վերամշակված մսամթերքը,
- պանիրը,
քաղցրացուցիչները։
3. Վարել «միգրենի օրագիր»։
Օրագրի վարումը թույլ կտա ավելի լավ որոշել միգրենի կոնկրետ տրիգերները։ Խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել հետևյալ կետերին՝
- ինչ եք ուտում ու խմում,
- մարզումների գրաֆիկը,
- եղանակը,
- հույզերը,
- դեղորայքը, որն ընդունում եք,
- գլխացավի առաջացման ժամերն ու ծանրության աստիճանը։
Այս տվյալները թույլ կտան որոշել միգրենի առաջացման օրինաչափություններն ու խուսափել դրանցից։
4. Ուշադիր լինել հորմոնալ փոփոխությունների նկատմամբ։
Հորմոնները կարևոր դեր ունի միգրենի հարցում։ Կանայք ավելի հաճախ են ունենում այդ խնդիրը, իսկ հակաբեղմնավորիչներն ու փոխարինող հորմոնալ թերապիան կարող են նպաստել միգրենի դրվագների բարդացմանն ու հաճախակիացմանը։
5. Ընդունել հավելումներ
Կան տվյալներ, որ մագնեզիումի անբավարարությունը նպաստում է միգրենի գրոհների առաջացմանը։ Սակայն որևէ հավելում ընդունելուց առաջ նախ պետք է խոսել բժշկի հետ։
6. Կարգավորել ուտելու և քնելու ռեժիմը։
Քաղցածությունն ու ծարավը կարող են խթանել միգրենի գրոհները, իսկ քնի անբավարարությունը կամ չափից ավելի երկար քնելը՝ վատթարացնել ախտանշանները։
7. Կիրառել ռելաքսացիոն մեթոդներ։
Թեև մենք միշտ չէ, որ կարող ենք խուսափել սթրեսային իրավիճակներից, սակայն կարող ենք կառավարել մեր արձագանքը։ Ռելաքսացիայի մեթոդները կարող են նվազեցնել սթրեսի մակարդակը, որն էլ միգրենի տրիգերներից է։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ Healthline