Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում (Ավստրիա)։
Նախարար Միրզոյանը կմասնակցի Միջուկային անվտանգության նախարարական համաժողովին, որն անցկացվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կենտրոնակայանում «Ձևավորելով ապագան» խորագրի ներքո։
Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների պաշտոնյաների հետ։
Միջուկային անվտանգության համաժողովի նպատակն է ապահովել գլոբալ ֆորում նախարարների, քաղաքականություն մշակողների և միջուկային անվտանգության փորձագետների համար՝ քննարկելու միջուկային անվտանգության ապագան ամբողջ աշխարհում՝ միաժամանակ հնարավորություն տալով տեղեկատվության և լավագույն փորձի փոխանակման և միջուկային անվտանգության ամրապնդման ուղղությամբ միջազգային համագործակցության խթանման համար։
Համաժողովի աշխատանքները նպաստում են միջուկային անվտանգության հարցերի լայն շրջանակի, ներառյալ առկա մարտահրավերների և դրանց միտումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, ոլորտում առաջնահերթությունների վերանայմանը, հրատապ ուշադրության կարիք ունեցող ուղղությունների հասցեագրմանը։ Համաժողովի արդյունքները հիմք կծառայեն ԱԷՄԳ 2026-2029թթ. միջուկային անվտանգության ծրագրի մշակման համար:
ՀՀ ԱԳՆ