Վրաստանի նախագահը վետո է դրել խորհրդարանի կողմից երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրինագծի վրա։
«Այսօր ես վետո կիրառեցի ռուսական օրենքի նկատմամբ։ Այս օրենքն իր էությամբ և ոգով ռուսական է»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։ Նա հավելել է՝ «Այս օրենքը ենթակա չէ որևէ փոփոխության կամ լավարկման, ուստի վետո կիրառելու որոշմանը հեշտությամբ հանգեցի»։
Today, I vetoed the Russian law. This law, in its essence and spirit, is fundamentally Russian, contradicting our constitution and all European standards. It thus represents an obstacle to our European path.
This law must be repealed! pic.twitter.com/yNCGI7jqaF
Կարդացեք նաև
— Salome Zourabichvili (@Zourabichvili_S) May 18, 2024
Ռուսաստանում բիզնես-գործունեություն ծավալած Բիձինա Իվանաշվիլու հիմնադրած կուսակցությունը, սակայն, խորհրդարանում ունի բավարար քանակությամբ ձայներ Զուրաբիշվիլու վետոն հաղթահարելու համար։
Բողոքի ցույցերի և լարվածության աճի ֆոնին վարչապետն էլ պատրաստակամություն է հայտնել երիտասարդության ներկայացուցիչների հետ հանրային քննարկում անցկացնել «ռուսական» որակվող օրինագծի շուրջ։
«Ես պատրաստ եմ ոչ միայն լսել իրենց քննադատական մտքերը այլ նաև որոշ դեպքերում կիսել դրանք։ Երիտասարդներից ես ակնկալում եմ նույն վերաբերմունքը»,- նշել է Իրակլի Կոբախիձեն։ Նա միաժամանակ տարակուսել է, որ «ծայրահեղական ընդդիմությանը պատկանող տեղական լրատվամիջոցները հրաժարվել են հանրային քննարկում անցկացնելուց»։
Սալոմե Զուրաբիշվիլու, ընդդիմադիրների և արևմտյան մի շարք պետությունների և կազմակերպությունների դիտարկմամբ՝ ներկայացված օրինագիծը ռուսական «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի կրկնությունն է և միտում ունի սահմանափակել մամուլի և հասարակական կազմակերպությունների ազատությունը։ Այս պատճառով օրինագիծը հաճախ անվանակոչում են «ռուսական օրենք»։
Օրինագիծը պահանջում է, որպեսզի այն կազմակերպությունները, որոնք իրենց ֆինանսավորման 20%-ից ավելին արտերկրից են ստանում, գրանցվեն որպես «արտաքին շահը սպասարկող» կազմակերպություններ։ Ֆինանսական տվյալների հրապարակումից հրաժարվելու դեպքում նախատեսվում են տուգանքներ։
Եվրոպական Միության ճանապարհին՝ սա կարող է մեծ արգելանք դառնալ Թբիլիսիի համար, համոզված են նախագահն ու ընդդիմադիրները։
2023-ի դեկտեմբերից մեր հարևան երկիրը ԵՄ անդամության թեկնածու է, սակայն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքն ընդունվելու դեպքում գործընթացը կարող է խաթարվել։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ