Ըստ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի, մեր հասարակությունը մի քանի խմբի է բաժանվում. մի փոքր խումբը, որը Նիկոլ Փաշինյանի համակիրն է դեռ շարունակում մնալ, մեկ այլ փոքր խումբ, որը ցանկացած գնով կողմ է Փաշինյանի հեռանալուն՝ առանց հետեւանքների մասին մտածելու եւ մի մեծ խումբ, որը կողմ է, որ Փաշինյանը հեռանա, բայց էական է համարում, թե ո՞վ կամ ովքե՞ր են գալու իշխանության եւ ի՞նչ է լինելու:
Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում Վարդան Օսկանյանն իր խոսքն ուղղեց մեր հանրության երրորդ խմբին՝ ասելով, որ իր համար Բագրատ սրբազանն անցումային, ժամանակավոր կառավարության, որը մեկ տարվա ընթացքում պետք է զբաղվի արտահերթ ընտրությունների նախապատրաստմամբ, լավագույն ղեկավարի թեկնածուն է. «Այսօր երկրում ունենք մի ղեկավար, որը ի վիճակի չէ լուծումներ գտնելու: Նա պարտված է, վախեցած է, ես նույնիսկ կասկածներ ունեմ, որ նա անգամ պաշտպանվողական դիրքից հանդես չի գալիս: Ես տողատակում տեսնում եմ այս մարդու վախեցածության աստիճանը»:
Նիկոլ Փաշինյանի վախեցածության աստիճանը Վարդան Օսկանյանի համար դրսեւորվում է այն դրվագով, երբ կառավարության վերջին նիստերից մեկում Փաշինյանը զարմացած հայտարարում է, որ ադրբեջանական կողմը համաձայնվել է, որ Կիրանցի եկեղեցին մնա հայկական կողմում:
«Սա Փաշինյանի նվաստացումը չէ»,- ասաց նա՝ հորդորելով չմոռանալ, որ ընդամենը մի քանի տարի առաջ Փաշինյանն Արցախն է հայաթափել ու սկուտեղով նվիրել թուրքերին ու այս պարագայում՝ «ի՞նչ Հայաստան, ի՞նչ սահման, ի՞նչ անկլավ»:
Կարդացեք նաև
Վարդան Օսկանյանը հավաստիացնում է՝ իշխանափոխության, նոր բանակցողի դեպքում հնարավոր է լինելու օրակարգ փոխել, միջնորդների օգնությամբ հնարավոր է հասնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարատեւ, արդար խաղաղության հասնել:
Այլապես, այս կերպ ստորագրված խաղաղության պարագայում, զգուշացնում է. «Մեր թոռները հայկական Հայաստանում չեն ապրելու: Ադրբեջանն իր դաշնակցի հետ միասին, թաթն այնպես է դնելու մեր պետության վրա, որ այդ Հայաստանը անգամ արեւմտյան կամ եվրոպական Հայաստան չի լինելու»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ