Մայիսի 17-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետի գրադարանում տեղի ունեցավ Արցախի Տիգրանակերտի հնագիտական հետազոտությունն ամփոփող եռալեզու կայքի շնորհանդեսը (https://tigranakert.org/): Ներկա էին ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ, ուսանողներ, դասախոսներ և այլ հյուրեր: Կայքը ներկայացրեց Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության գ/հ խմբի ղեկավար, պ․գ․դ․, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը: Կայքի կայացումը ողջունեց և շնորհավորեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը:
Իր ելույթում Հ. Պետրոսյանը նշեց, որ Հայոց արքա Տիգրան Բ Մեծի կողմից Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքի հնագիտական հետքերը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը վավերացրել է 2005 թվականին: Արշավախումբը 2006-2020 թվականներին ընդարձակ հնագիտական պեղումներ է իրականացրել քաղաքի տարածքում և շրջակայքում: Արցախի Տիգրանակերտի հնագիտական հետազոտությունն Արցախում երբևէ նախաձեռնած ամենաընդարձակ հնագիտական նախագիծն էր: Այն հնարավորություն ընձեռեց Արցախ-Ուտիքը ներկայացնել ոչ թե որպես Հայաստանի մի ծայրագավառ, այլ շատ ավելի ընդարձակ քաղաքակրթական համատեքստի մի մաս, որի ռազմական, տնտեսական և մշակութային կենտրոններից մեկն էլ Տիգրանակերտն էր:
Կարդացեք նաև
Արշավախմբի մշտական կազմի մեջ են եղել ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Լյուբա Կիրակոսյանը, պ․գ․թ․, դոցենտ Վարդգես Սաֆարյանը, պատմական գիտությունների թեկնածուներ Տատյանա Վարդանեսովան, Ինեսա Կարապետյանը, Արմինե Գաբրիելյանը, Նժդեհ Երանյանը, Ռուբեն Հովսեփյանը, ասպիրանտ Համազասպ Աբրահամյանը։ Արշավախմբի աշխատանքներին մասնակցել են նաև պ․գ․դ․ Աշոտ Փիլիպոսյանը, պատմական գիտությունների թեկնածուներ Ժորես Խաչատրյանը, Աղավնի ժամկոչյանը, Նորա Ենգիբարյանը, Ռոման Հովսեփյանը, Հասմիկ Մարգարյանը, Ռուբեն Վարդանյանը, Հայկ Հակոբյանը, Երևանի պետական համալսարանի և Արցախի պետական համալսարանի մի շարք ուսանողներ: Արշավախմբի աշխատանքներին կարճատև մասնակցություն են ունեցել Սորբոնի համալսարանի (Իտալիա) Հռոմի պատմության պրոֆեսոր, հայագետ Ջուստո Տրաինան, Ֆլորենցիայի համալսարանի հնագետներ Սառա Չամպին և Ֆրանչեսկա Քելին, մարդաբան Պոլ Բեյլին:
ՀՀ ԳԱԱ ՀԱԻ