Այսօր տեղի է ունեցել արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորումը՝ մշակույթի ուղղությամբ դասավանդողների համար։
Մայիսի 18-ին անցկացված ատեստավորման գործընթացին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը և Դանիել Դանիելյանն այցելել են Երևանի թիվ 155, 135, 6 հիմնական և թիվ 190 ավագ դպրոցներում գործող քննական կենտրոններ։ Նախարարի տեղակալները շրջել են քննական կենտրոններում, զրուցել ատեստավորմանը մասնակցող մանկավարժների հետ՝ նրանց մաղթելով հաջողություն։
Երևանի թիվ 135 դպրոցի քննական կենտրոնում 89 հայտագրվածից ներկա է եղել 67-ը, թիվ 155 դպրոցի քննական կենտրոնում՝ 120 հայտագրվածից 110-ը, Երևանի թիվ 6 դպրոցում 84-ից` 72-ը, իսկ թիվ 190 ավագ դպրոցում՝ 95-ից 92-ը։
Կարդացեք նաև
Ընդհանուր 388 հայտագրվածից կամավոր ատեստավորման գիտելիքի ստուգման քննությանը ներկայացել է 341-ը։
Մայիսի 18-ի կամավոր ատեստավորումն իրականացվել է հետևյալ ուղղություններով՝
- Դաշնամուր (2-րդ խումբ), սոլֆեջո, երաժշտական գրականություն (երաժշտության բաժին), երաժշտական գրագիտություն (պարարվեստի, թատերարվեստի բաժին),
- Քանոն, թառ, ուդ, քամանչա, դհոլ, ջութակ, թավջութակ, դուդուկ, սրինգ, բլուլ, շվի,
- Կերպարվեստի հիմունքներ և նկարչություն, գծանկար, գունանկար, կոմպոզիցիա, քանդակ, ծեփագործություն, կիրառական արվեստի հիմունքներ, գորգագործություն, կարպետագործություն, գոբելեն, խեցեգործություն, ասեղնագործություն, տիկնիկագործություն։
Վաղը՝ մայիսի 19-ին, տեղի կունենա սպորտի ուղղությամբ դասավանդող մարզիչների կամավոր ատեստավորումը։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ