Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Դանիելյան․ Բագրատ Սրբազանը դե ֆակտո քաղաքացիության հետ կապված որևէ հարաբերության մեջ չի գտնվել և չի գտնվում Կանադայի իշխանության հետ․ «Փաստինֆո»

Մայիս 18,2024 19:16

Մայիսի 9-ից կտրուկ փոխվել է Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը. Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պայքարի թիրախի հասցեավորումը նպաստել է հասարակական տրամադրությունների ակտիվացմանն ու քաղաքական կոնսենսուսին՝ բացարձակապես տարբեր քաղաքական կողմնորոշում ունեցող ուժերի միջեւ։ Ավելին՝ քաղաքական ուժերը այս փուլում կարեւորում են հենց շարժման առաջնորդի թեկնածության առաջադրումը՝ որպես վարչապետի թեկնածու՝ անցումային այս փուլում։ Կարծես թե՝ նրա թեկնածությունը միակն է, որի շուրջ հնարավոր է համախմբում։ Զուգահեռ կարծիքներ կան Գերաշնորհ Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու սահմանադրաիրավական հիմքերի առնչությամբ։ Թեմայի շուրջ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը։

– Պարոն Դանիելյան, այսօր կարծես ընդհանուր կա կոնսենսուս վարչապետի պաշտոնում շարժման առաջնորդի թեկնածության հարցի շուրջ, բայց նշվում է, որ կա սահմանադրական արգելք, քանի որ նա երկքաղաքացի է։ Խնդրում ենք պարզաբանել։

– Սահմանադրությամբ Կառավարության անդամին ներկայացվող պահանջները ամրագրելիս հղում է արված Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներին (148-րդ հոդված), որոնք ամրագրված են 48-րդ հոդվածի 2-րդ մասով: Այդպիսիք են՝ 25 տարին լրացած լինելը, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալը, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելը, ընտրական իրավունք ունենալը և հայերենին տիրապետելը:

Գերաշնորհ Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու ասպեկտով, թերևս, լրացուցիչ պարզաբանման կարիք ունի «վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու» պահանջը: Ըստ էության, այս նորմի էությունը համարժեք մեկնաբանելու համար հարկ է, նախ՝ բացահայտել սահմանադրի նպատակը: Իրավաստեղծ մարմնի նպատակը, որպես իրավական նորմի մեկնաբանության առանցքային նախապայման դիտարկելը բխում է ոչ միայն իրավունքի տեսությամբ արդեն իսկ ընդունված համընդհանուր չափանիշներից, այլև օրենդրությամբ ամրագրված իրավադրույթներից: Մասնավորապես, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը (ընդգծումը մերն է)` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից»:

Քննարկվող դեպքում, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիության պահանջի սահմանադրաիրավական նպատակը թելադրված է բարձագույն պաշտոնյայի՝ այլ պետություններից հնարավորինս անկախ լինելու անհրաժեշտությամբ, իսկ քաղաքացիությունը, որպես պետության և անձի միջև փոխադարձ կապի իրավական ամրագրում, հնարավոր է, որ բովանդակի այդպիսի կախվածություն կամ կաշկանդվածություն: Որպեսզի նշված նպատակի բովանդակային ասպեկտը համարժեք բացահայտենք, հարկ է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հստակեցնենք, թե մեկ այլ պետության քաղաքացիություն ունենալը արդյո՞ք դե ֆակտո ունի այնպիսի դրսևորումներ, որոնք կանխելու նպատակով էլ Սահմանադրությամբ ամրագրվել է վերոհիշյալ պահանջը:

Ըստ էության, Գերաշնորհ Բագրատ Սրբազանին Կանադայի քաղաքացիություն շնորհվել է այդ երկրում շուրջ տաս տարի՝ 2003 թվականից մինչև 2013 թվականը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդություն իրականացնելու ընթացքում և այդ կարգավիճակի հիմքով, որից հետո նա հոգևոր ծառայության է անցել Մայր Աթոռում, իսկ արդեն 2015 թ. նշանակվել Տավուշի թեմի առաջնորդ: Այսպիսով, 2013 թվականից, շուրջ 11 տարի Գերաշնորհ Սրբազանը հոգևոր ծառայություն է իրականացնում Հայաստանում և դե ֆակտո քաղաքացիության հետ կապված որևէ հարաբերության մեջ չի գտնվել և չի գտնվում Կանադայի իշխանության հետ, այսինքն՝ այդ հիմքով չի ստանձնել որևէ պարտավորություն:

– Պարոն Դանտելյան, արդյոք դա նշանակում է, որ եթե առաջադրման ժամանակ իրավասու մարմինը տեղեկանք տրամադրի նրա երկքաղաքացիության մասին՝ դա չի կարող արգելք հանդիսանա՞լ։

– Ասվածից բխում է, որ լիազոր մարմինը՝ Ներքին գործերի նախարարության իրավասու ստորաբաժանումը, եթե անգամ զուտ ձևական չափանիշներով տեղեկանք տա առ այն, որ Գերաշնորհ Բագրատ Սրբազանը նաև ունի Կանադայի քաղաքացիություն, բովանդակային կտրվածքով այդ տեղեկանքը չի կարող դիտարկվել իբրև հիմք՝ Սահմանադրության 148-րդ հոդվածով ամրագրված այլ պետության քաղաքացիություն չունենալու պահանջը չբավարարելու համար: Ես նկատի չունեմ, որ ոստիկանությունը պարտավոր է հենց այդպիսի տեղեկանք տալ, բայց և չեմ բացառում, հաշվի առնելով ներկայիս քաղաքական մշակույթը։ Վերջին հաշվով, խոսքը ոչ թե Սահմանադրության նորմերի զուտ տառացի, ձևական ընկալման, այլ վերջինիս նպատակի համատեքստում բովանդակային համարժեք մեկնաբանության մասին է:

Փորձենք մեկ այլ՝ վերջին չորս տարում Հայաստանում մշտապես բնակվելու պահանջի կտրվածքով զուգահեռ անցկացնել, և մոտեցումը շատ ավելի ընկալելի կդառնա։ Այսպես, եթե մենք դարձյալ սահմանափակվեինք տառացի մեկնաբանությամբ, ապա պետք է հիմք ընդունեինք, որ օրինակ՝ ընտրվելու իրավունքից զրկվում են նաև օտար երկրներում դիվանագիտական ծառայություն իրականացնող անձինք, մինչդեռ՝ նրանց պարագայում օրենսդրական մեկնաբանությունն այն է, որ նրանք հավասարեցվում են Հայաստանում մշտապես բնակվող անձանց հետ, թեպետ՝ դե ֆակտո, նրանք այդ ողջ ժամանակահատվածում գտնվել են Հայաստանից դուրս։ Այսինքն՝ ցանկացած նորմի մեկնաբանության հիմքում անվերապահորեն դրվում է օրենսդրի նպատակը, ոչ թե զուտ տառացի մեկնաբանությունները։ Եվ անտրամաբանական կլինի, եթե մենք մշտապես բնակության պարագայում նախապատվությունը տանք օրենսդրի նպատակին համահունչ մեկնաբանությանը, իսկ երկակի քաղաքացիության դեպքում՝ արդեն զուտ տառացի մեկնաբանությանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031