«Պետք է ջանքերը մեկտեղել, որպեսզի այն խնդիրը, որ ունենք մեր առաջ, լուծվի, թե չէ մասնագիտական առումով, առավել եւս զինվորական առումով ասելիքն, իմ կարծիքով, ավելորդ է, որովհետեւ դրանք հետագայի համար են պետք լինելու։ Այսօր ընդամենը պետք է մտածել, վերլուծել, քննարկել, հետո հանրայնացնելու առումով մշակել՝ հետագայում ավելի ճիշտ գործելու համար»,- ասաց ՀՀ զինված ուժերի ԳՇ նախկին պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, որ մասնակցում էր Բագրատ Սրբազանի եւ զինվորականների հետ հանդիպմանը:
Հարցին՝ հնարավո՞ր է Տավուշում իրականացվող սահմանազատման գործընթացը անվտանգային ռիսկեր նվազեցնի, եթե մենք ամենաամուր դիրքերն ենք թողնում թշնամուն, գեներալ-լեյտենանտն այսպես պատասխանեց. «Կարեւոր են իհարկե դիրքերը, դրանց կահավորվածությունը, բայց խնդիրն այստեղ մի քիչ այլ համատեքստում պետք է նայել: Մենք միայն դիրքե՞ր ենք թողնում… Թողնում ենք տարածք, թողնում ենք ժողովրդին, կոտրում ենք ոգի, ընկճվածությունն ավելի ենք խորացնում, մեծացնում հուսալքվածությունը… Սա հակառակորդի կամքը առանց որեւէ ուժ գործադրելու ի կատար ածելու մոտեցում է, պետության, երկրի անվտանգության հետ կապված հարց է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ