Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին։
-Դավիթ Մխիթարյան․ «Պարոն Աշոտյան ինչպե՞ս եք գնահատում շարժման ընթացքը և ի՞նչ եք ակնկալում»։
-Արմեն Աշոտյան․ Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության արժանապատվությունը։ Եվ այս նպատակներին հասնելու համար վճռորոշ է Փաշինյանի հեռացումը իշխանությունից։
Բնական է, որ անգամ իմ կալանքով պայմանավորված սահմանափակ տեղեկատվական հոսքերից առաջնահերթ որսում եմ հենց շարժմանը վերաբերող լուրեր։ Հրապարակավ խորհուրդներ տալը արդյունավետ միջոց չեմ համարում, իմ համեստ ներդրումը փորձում եմ ունենալ իմ գրավոր և բանավոր խոսքով ` պայքարի գաղափարական ճակատում, ոչ միայն այն պատճառով, որ ֆիզիկապես ներկա գտնվել չեմ կարող, այլև հաշվի առնելով այն հանգամանքը, որ փողոցային պայքարին միշտ նախորդում է և այն հանգամանքը, որ փողոցային պայքարը մարդկանց սրտերի և ուղեղների համար, որոնք այդքան թունավորվեցին այս վեց տարիների ընթացքում իշխանական ստերով, կեղտով և պղծությամբ։
Կարդացեք նաև
Մեր երկրում իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց սրբազան կոչվեր։
-Սերինե Թովմասյան․ «Նիկոլը հրահանգել է բոլորին ջարդել, ինչպե՞ս պայքարենք և ի՞նչ հետևանքներ կունենա սա»։
-Արմեն Աշոտյան․ Մարդկության պատմությունը ապացուցում է, որ երբեք և ոչ մի բռնապետի չի հաջողվել բոլորին ջարդել։ Եթե բոլորը ոտքի կանգնեն, բոլորին ջարդել հնարավոր չէ։ Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է, իսկ ապօրինի հրամաններ կատարելու և չհիմնավորված բռնություններ իրականացնելու հանցանքները` պատժելի։ Կարևոր է փաստագրել նման վայրագություններ կատարողներին (լուսանկարներ, տեսանյութեր), այս փուլում ենթարկել հանրային պարսավանքի, իսկ ապագայում օրենքով սահմանված պատասխանատվության։
Դեռևս նախորդ ընդդիմադիր ակցիաներին հինգ անգամ բերման եմ ենթարկվել, այդ թվում` բիրտ ապօրինություններով։ Հիշում եմ, երբ բերետավորները առաջին անգամ հայտնվեցին Երևանի փողոցներում` պահպանելու հասարակական կարգը, նրանց հրեշտակներ կոչեց ժողովուրդը։ Տարիներ անց կարող ենք փաստել, որ ժամանակին քաղաքացիներին պաշտպանելու համար ծառայող հրեշտակները ձևափոխվեցին ընկած հրեշտակների։
Ազգիս առողջացման համար Հայաստանում և Սփյուռքում պայքարող իմ հայրենակիցներին պիտի նորից խնդրեմ. չվախենալ, չհոգնել և չհուսահատվել։
Դեռևս Մաքիավելին էր գրել, որ պատմության մեջ բոլոր անզեն մարգարեները պարտվել են, իսկ զինվածները` հաղթել։ Այս շարժման մարգարեն զինված է։
-Ասքանազ Մխիթարյան․ «Ինչպե՞ս կգնահատեք Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը Ալմաթայում։ Ի՞նչ սպասել նման բանակցություններից»։
-Արմեն Աշոտյան․ Բոլոր նմանատիպ բանակցությունները ունեն երեք հիմնական վտանգ
- Հայաստանը ներկայացված է Նիկոլով,
- Չկան միջազգային միջնորդներ,
- Ուստի չկան միջազգային երաշխիքներ։
Այս արտասովոր, ես կասեի` հանցավոր ալգորիթմը պետք է կոտրել, հատկապես` առաջին կետով։
Հակառակ դեպքում շարունակվելու է նույն սցենարը։ Ադրբեջանի և Նիկոլի միջև գործող սխեման պարզ է. Ալիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով։
Սա է նման «բանակցությունների» ողջ բովանդակությունը։
Մի առանձին ողբերգություն էլ այն է, որ Հայաստանը որպես ԱԳ նախարար ներկայացնող անձը անգամ խորհրդարանական դիվանագիտության մակարդակում չէր փայլում, ուստի մի զարմացեք, թե ինչու էր նա զմայլվում Ալմաթայի հռչակագրին նվիրված ցուցափեղկով։ Զավեշտի շարքից է նաև, որ նա «դասալիք» է անվանում Նիկոլի հետ անհամաձայնություն հայտնած և իրենց պաշտոնները թողած դիվանագետներին, բայց այդ նույն Նիկոլի մոտ, ով հենց նույն օրերին հրապարակավ հրաժարվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի համար պայքարից (« Սև Լճի 30%֊ի համար հո փողո՞վ չենք անելու»), նախարար է աշխատում։
-Անահիտ Սաղաթելյան ․ «ՌԴ֊ն և Իրանը կարծես թե այս գործընթացներին դրական արձագանքներ են ուղարկում, ի՞նչ եք կարծում, Արևմուտքը կքննադատի Նիկոլին և նրա իշխանությանը բիրտ ուժ կիրառելու համար»։
-Արմեն Աշոտյան․ Կրկին խնդրում եմ բոլորին դադարել նայել աշխարհի չորս կողմերին այս պայքարի ընթացքում։ Մենք ոչ թե Արևելք կամ Արևմուտք պիտի հիմա նայենք, այլ իրար։ Որովհետև այս պայքարը մերկ է, մեր համար է, մեզանով է։
Կասկած չունեմ, որ այն պահին երբ մենք` հայերս, ապացուցենք ինքներս մեզ, որ փալաս չենք, արտաքին ազդեցիկ կենտրոնները կսկսեն հաշվի նստել և աշխատել մեր երկրի հետ` հաշվի առնելով նաև հայկական շահերը։
Նիկոլին իշխանազրկելու գործում մոռացեք, որ Արևմուտքը հրապարակավ կքննադատի նրան անհամաչափ ուժի կամ հակադեմոկրատական այլ քայլերի համար։ Այն, որ Հայաստանը ոստիկանապետություն է և որ Արևմուտքը կրկնակի ստանդարտների ֆանատ է, ապացուցվում է նաև Հայաստանի և Վրաստանի վերջին իրադարձությունների համադրմամբ։ Վրաստանում ընդդիմադիր ցույցերը վերջին շրջանում շատ ավելի ագրեսիվ են և հարձակվողական, քան մեր երկրում։ Ուժայինների կողմից ամեն ակցիայից հետո բերման ենթարկվածների թիվն այնտեղ 3֊ից 7 անգամ նվազ է, քան Հայաստանում։ Սակայն արևմտյան դեսպանատները, այդքան տեսանելի լինելով վրացական առիթով, քար լռություն են պահպանում աֆրիկյան բռնապետներին բնորոշ փաշինյանական ռեպրեսիաների մասին։
-Մովսես Խանամիրյան․ «Նիկոլական պրոպագանդան ի՞նչ կեղծիք ասես տարածում է, խոսում են, որ Եկեղեցին և Վեհափառը դեմ են Բագրատ Սրբազանին, Ձեր կարծիքով համարո՞ւմ եք հավանական այս խոսակցությունները»։
-Արմեն Աշոտյան․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Վեհափառ Հայրապետի դիրքորոշումները և գնահատականները տեսանելի են, հստակ և շիտակ։ Նրանք թելադրված են թե քրիստոնեական ուսմունքով, թե սեփական ժողովրդի պատմության։ Նրանց ծառայությունը ոչ միայն «վասն հավատոյ» է, այլև «վասն Հայրենյաց»։
Տեսականորեն չբացառելով, որ եկեղեցու ներսում կարող են լինել նաև այլ կարծիքներ ունեցող մարդիկ, փաստեմ կրկին, որ Առաքելական եկեղեցին է այն բացառիկ ազգային կառույցը որ չի ենթարկվել փաշինյանական քայքայիչ ռեժիմին և հանրային ամենաբարձր հեղինակությունն ունի։
ՔՊ-ի ձեռագիրը պարզ է. բոլորին և ամեն ինչ իջեցնել իրենց մակարդակի, որտեղ իրենք անմրցելի են։ Գործադրվող ողջ արսենալը գարշահոտ է, ճղճիմ, կեղծ և թունավոր։ Սակայն գալիս է մի պահ, որ անգամ ամենաուժեղ թույնը այլևս անզոր է, որովհետեւ գտնվել է հակաթույնը։ Հայաստանում, հուսով եմ, հենց այս վիճակն է արդեն։
Անձամբ ես Հայաստանը և հայ ժողովրդին շատ ավելին եմ սիրում, քան «չեմ սիրում» իմ բոլոր քաղաքական ընդդիմախոսներին` միասին վերցրած։ Ուստի հոգևորականի կողմից ղեկավարվող շարժմանը աջակցող այլ, ինձ համար մեղմ ասած ոչ շատ համակրելի, որոշ ուժերի կամ գործիչների մասնակցությունը ինձ չի խանգարում։
Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ