«Նիկոլ Փաշինյանն ամեն հնարավոր բան մարսել է: Երբ ես պատերազմի առաջին օրերին Արցախում էի, վերադառնալուց հետո եմ լսել եւ առաջին օրվա նրա հայտարարությունը, եւ չորրորդ: Առաջին օրը մանտրայի նման երեք անգամ կրկնում էր՝ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի… Այդպիսի խոսույթ անհնար է: Որեւէ երկրի, ռազմական կառույցի ղեկավար չի տանում պատերազմի՝ հայտարարելով, որ ինչ էլ լինի՝ մեզ պարտված չենք ճանաչի:
Իսկ պատերազմի չորրորդ օրը հայտարարում էր, որ բանակում կա դավաճանություն: Երկրորդ համաշխարհայինի ժամանակ դավաճանության հազարավոր դեպքեր կային Սովետական բանակում, բայց որեւէ տեղ դա չէր գրանցվում: Տեղում գնդակահարում էին ու գրքույկում գրում էին, որ մարտական առաջադրանք կատարելիս զոհվել է»,-լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, գրականագետ Վահե Արսենը, որը մասնակցում էր Բագրատ Սրբազանի եւ մշակույթի գործիչների հանդիպմանը:
«Եթե Արցախը հանձնելուց հետո նա այսքանը մարսել է, Իշխանասարի, Սեւ լճի համար կռիվ չանելուց հետո, այս ամենը բացեիբաց հայտարարելուց հետո՝ մարսել է, չեմ կարծում, թե Փաշինյանը հեշտությամբ կհեռանա… Սա բավականին բարդ պայքար է»,-ասաց Վահե Արսենը, պատասխանելով այն հարցին՝ արդյոք Փաշինյանը հեշտ կհեռանա:
Կարդացեք նաև
Նա, մեջբերելով Բագրատ Սրբազանին, ասաց, որ սա չակընկալիքների պայքար է, ներքինից եկող պայքար, որը չես կարող չանել. «Սա մեր ինքնապահպանման ազգային բնազդն է… Ակնկալիքը դա է, բայց նաեւ ակնկալիքը Ոսկեպարից մինչեւ Արցախ է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ