Այսօր՝ մայիսի 18-ին, լրանում է Երեւանի Մնջախաղի պետական թատրոնի հիմնադրման 50 տարին: Մեր զրուցակիցն է թատրոնի հիմնադիր կազմի մնջախաղաց արտիստ Լեւոն Իվանյանը:
-Պարոն Իվանյան, Երեւանի Մնջախաղի պետական թատրոնի հիմնադրման կեսդարյա հոբելյանի առիթով կարծես թե ասպարեզում որեւէ հոբելյանական միջոցառում չի երեւում կամ գուցե մի բան արվում է…
-Ճիշտն ասած՝ ես եւս սպասում էի ինչ-որ կարգի հանդիսության, սակայն մյուս կողմից էլ լավ գիտեմ Մնջախաղի պետական թատրոնի 50 տարի անընդհատ անշենք վիճակը եւ ավելի շատ հասկանալով ու պաշտպանելով Ժիրայր Դադասյանին, պիտի ասեմ, որ այս պայմաններում իսկապես ավելի լավ է ոչինչ չանել, քան կիսատ-պռատ ու անապահով ինչ-որ կարգի անհարկի ու անհարգի միջոցառում անել: Ես ինքս լավն անելու կողմնակիցն եմ եւ, եթե հնարավոր չի, ապա շատ ավելի լավ է ոչինչ չանել:
-Դուք մի քանի փուլ անցաք մինչեւ թատրոնի պետական կարգավիճակին հասնելը: Կմանրամասնե՞ք 50 տարիների հիմնական փուլերը:
Կարդացեք նաև
-Սիրով: Նախ թույլ տվեք շնորհավորել 50 տարիների ընթացքում եւ դրանից էլ շատ ավելի առաջ մնջախաղի արվեստով զբաղվող անխտիր բոլոր մնջախաղաց արտիստներին, թատրոնի գեղարվեստական, տնօրինական եւ կազմակերպական ղեկավարներին, եւ իհարկե, մնջախաղի արվեստը սիրող ու գնահատող մեզ շատ հարազատ հանդիսատեսին: Շնորհավորել ու նաեւ շնորհակալություն հայտնել միշտ ամենաբարձր ստեղծագործական գործունեություն եւ անհամեմատ շատ ավելի բարձր կամային գործունեություն ծավալելու համար, քանզի 50 տարի գոյատեւել եւ ստեղծագործել առանց սեփական թատերական շենքի՝ դա անհնարի սահմաններում է, եւ աշխարհում գրեթե չեք գտնի առանց սեփական շենքի 50 տարի գործող պրոֆեսիոնալ, իսկ 40 տարի արդեն` պետական թատրոն: Ինչ վերաբերում է հիմնական շրջադարձային փուլերին, ապա շեշտեմ, որ 1974 թվականի մայիսի 18-ից մենք նշում ենք մնջախաղի պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադրման 50 տարին, իսկ մինչ այդ Երեւանում 1960-ականներից հայկական կրկեսում ելույթներ էր ունենում համաշխարհային առումով անկրկնելի արտիստ (որը հաստատվեց Չեխիայում անցկացված կլոունադայի միջազգային մրցույթում), կրկեսային մնջախաղի բացառիկ արտիստ-ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանը: Հայաստանում արդեն 1963 թվականին նկարահանվեց ֆիլմ Լեոնիդ Ենգիբարյան մնջախաղաց-ծաղրածու արտիստի մասին (ռեժիսորներ` Հենրիկ Մալյան եւ Լեւոն Իսահակյան), որը նույնպես անկրկնելի երեւույթ է ոչ միայն հայկական եւ խորհրդային, այլեւ համաշխարհային կինոարվեստում: Այդ ֆիլմից առաջ զուտ մնջախաղի դրվագներ նկարահանված էր միայն Ֆրանսիայում 1945 թվականին, Մարսել Կառնեի «Փոքրիկ դրախտի զավակները» ֆիլմում` Ժան Լուի Բարրոյի մնջախաղային կատարմամբ, իսկ դրանից առաջ արդեն մտնում ենք համր կինոյի դաշտը, որտեղ չափազանց դժվար է տարբերել լուռ գործողությունները մնջախաղից, որն առանձին թեմա է, խիստ վիճաբանական, որտեղ որքան էլ ամեն ինչ արվում է լուռ գործողություններով, բայց դեռ չի նշանակում, թե դա մնջախաղ է: Այս պահին բուն նյութից շեղվեցի, բայց այս հիսուն տարում ուզում էի մի անգամ այս մասին ասել եւ բոլորովին չէի մտածի, որ հենց այս օրը առիթ կունենայի «մնջախաղային» կինոյի մասին խոսելու: Առաջ անցնելով հայտնեմ, որ կինոարվեստում իր անկրկնելի ավանդը բերեց նաեւ վեջին 28 տարիների մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, ում նկարահանած «Հայոց այբուբեն» ֆիլմը բացառիկ աշխատանք է ոչ միայն մնջախաղի արվեստում, այլեւ կինոարվեստում:
-Երեւում է ասելիքը շատ է, թույլ տվեք կատակով նկատել, որ ժողովուրդն ասում է, թե «մնջախաղացները շատ են խոսում», բայց մեր զրույցը իր սահմանն ունի եւ գանք 1974-ին եւ դրանից հետո, ես տեսնում եմ, որ հազիվ էլ կարողանանք մի հանգրվանի հանգել:
-Այո, իսկապես, ժողովուրդը ճիշտ է ասում, թե «մնջախաղացները շատ են խոսում», մենք էլ դրան ավելացնում ենք, «որ այնքան ենք լռում, որ երբ խոսելու առիթ է լինում, անվերջ խոսում ենք»: Բայց փորձենք ավարտին գալ: Մի նուրբ դիտարկում անենք, հետո 50 տարի թափով առաջ գնանք: 1968-ից Երեւանում Հենրիկ Պողոսյանի ղեկավարությամբ ստեղծվեց «Տուշպա» մնջախաղի խումբը, որ հինգ տարի շարունակ ելույթներ էր ունեցել «Հայպետէստրադայի» կազմում: Բայց երբ, ոչ այնքան բարեհաճ հանգամանքների բերմամբ, հենց Հենրիկ Պողոսյանի հրավերով 1973 թվականին Մոսկվայից Երեւան եկավ Արսեն Փոլադովը, նույն «աննպաստ» հանգամանքների բերմամբ թատերախումբը արմատապես փոխեց իր գործելակերպը եւ կարճ ժամանակում թատերախումբը դարձավ թատրոն: Ինչ է սա նշանակում: Նախ՝ թատերական ինստիտուտի դերասանական կուրսի մի քանի ուսանողներ, շատ մեծ դժվարությամբ իհարկե, միանգամից ներգրավվեցին մնջախաղի թատերախումբ: Խնդիր դրվեց մնջախաղային մանրապատումներից բացի, իրականացնել մի ամբողջ բաժին տեւող մեծ ներկայացում` միմոդրամա եւ, ամենկարեւորը, մասնակից արտիստների համար այս գործունեությունը դարձավ հիմնական աշխատանք, եւ երբ առաջին ներկայացումից հետո` 1974 թվականի մայիսի 18-ին թատերախումբը այն ժամանակվա Կուլտուրայի մինիստրության կողմից հաստատվեց որպես պրոֆեսիոնալ թատրոն եւ ներգրավվեց «Հայհամերգ» կառույցի մեջ, դա դարձավ, ինչպես ժողովուրդն է ասում` «մեր հացը» եւ հենց այդ ժամանակից ենք հաշվում մնջախաղի պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադրումը:
Դրանից տասը տարի անց, երբ «Երեւանյան մնջախաղը», ինչպես գրվում էր մեր ազդագրում, արդեն ելույթներ էր ունեցել ԽՍՀՄ հսկայական տարածքի մեծ ու փոքր քաղաքներում, բոլոր 15 հանրապետություններում ու Արեւելյան Եվրոպայի երկրներում, դարձավ պետական թատրոն: Առաջ անցնելով հայտնեմ, որ ներկայումս ամբողջ աշխարհում չափազանց քիչ երկրներ կան, կամ գուցեեւ չկան, որ իրենց երկրում ունենան 50 տարեկան պետական մնջախաղի թատրոն եւ դա մեր երկրի համար բացառիկ մշակութային արժեք է, եւ պիտի շատ հոգատար լինել այդ մշակութային գանձի նկատմամբ: Եվ ի պատիվ ներկայիս սերնդի Երեւանի մնջախաղի թատրոնի, պետք է ասեմ, որ մեր թատրոնը միջազգայնորեն շատ հայտնի եւ սիրված թատրոն է, «Լեոնիդ Ենգիբարյանի» անվան մնջախաղի արվեստի ծաղկաձորյան միջազգային փառատոնը շատ սպասված փառատոն է աշխարհի մնջախաղացների համար, Երեւանի մնջախաղի թատրոնն ամենաբարձր հարգ ու հարգանք ունեցող կազմ է, եւ ես ուրախ եմ, որ իմ կյանքում ես եղել եմ եւ կամ որպես մնջախաղի մեծ ընտանիքի անդամ, նաեւ ուզում եմ ասել, որ ոչինչ չհասցրեցի ասել իմ գործընկերների մասին, բայց անկեղծ ասած՝ դիտավորյալ չասացի, քանի որ չէի ցանկանա մեկի անունը տալ եւ մյուսինը չտալ: Այդ մոտեցմամբ ուզում եմ մեկ անգամ եւս շնորհավորել բոլոր մնջախաղացներին եւ ասել, որ ժամանակը թռնում է հրթիռի արագությամբ, ու կարծես երեկ էր, որ հիմնեցինք թատրոնը, իսկ այսօր արդեն 50-ամյակն է եւ սա նշանակում է, որ ինչ կարող եք, որքան կարող եք արագ արեք, արագ գործեք, շատ գործ արեք, ու ես հաստատում եմ, որ 50 տարին անցնում է ընդամենը 5 րոպեում: Շեքսպիրն էլ է նույնն ասում` «Մի մարդու կյանքն ինչ է, մի՞թե մեկ չասած` պրծավ»:
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ