ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում, նշված հանցավոր արարքն առերևույթ կատարելու մեղադրանքով, կալանավորվել է Վանաձորի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ։
Մայիսի 17-ին Վանաձոր քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ իր հեռախոսահամարին զանգահարել է իրեն անծանոթ մի կին։ Վերջինս նախ դիտողություն է արել՝ վերոնշյալ 27-ամյա երիտասարդի դեմ ցուցմունք տալու համար, ապա նաև վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրել ինչպես իր, այնպես էլ՝ իր թոռների հասցեին, ինչից վախենալով՝ ինքն անջատել է հեռախոսը։
Նկատի ունենալով, որ քաղաքացու հաղորդման մեջ առերևույթ առկա են բռնություն գործադրելու կամ այլ ապօրինի եղանակով դատավարության մասնակցի և նրա մերձավոր ազգականների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 495-րդ հոդվածով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքները պարզելու և առերևույթ հանցավոր արարք կատարած անձի գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։
Կարդացեք նաև
Ոստիկանութանը տրվել է հանձնարարություն՝ նշված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու մասին։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ