Հարգելի՛ համալսարանականներ,
ԵՊՀ ռեկտոր Հ․ Հովհաննիսյանի կողմից վերջին մեկ ամսում իրականացվում են ԵՊՀ արհեստակցական կազմակերպության գործունեությանը խոչընդոտող գործողություններ, որոնց նպատակն է վերացնել ԵՊՀ-ում առկա սոցիալական գործընկերության և աշխատողների իրավունքների պաշտպանության առկա մեխանիզմները: Արհկոմիտեի և ռեկտորի միջև խնդիրներ սկսեցին առաջանալ այն բանից հետո, երբ ռեկտորը նոր կոլեկտիվ պայմանագիր կնքելու համար սկսեց առաջ քաշել անօրինական պահանջներ, որոնք ոչ մի աղերս չունեին կոլեկտիվ պայմանագիր հասկացության հետ: Ակնհայտ է, որ այս քայլերի հիմնական դրդապատճառը եղել է աշխատողների հավելյալ իրավական և սոցիալական երաշխիքներ ապահովող փաստաթղթի՝ կոլեկտիվ պայմանագրի հնարավոր չեզոքացումը:
Վերջին օրերին ԵՊՀ արհկոմիտե են դիմում բազմաթիվ դասախոսներ, ամբիոնի վարիչներ և վարչական ու տնտեսական աշխատողներ, առ այն, որ իրենց հորդորում և ստիպում են դուրս գալ արհմիության շարքերից՝ տրամադրելով արհմիությունից դուրս գալու դիմումի ձևը և չգանձված անդամավճարների գանձման ծանուցագիրը: Այս մոտեցումն ապօրինի է և հակասում է ՀՀ սահմանադրությանը, ՀՀ աշխատանքային օրենսգրքին և «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքին, որն առաջացնում է վարչական և/կամ քրեական պատասխանատվություն: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ռեկտորը և իր ներկայացուցիչները, կիրառելով վարչական տարբեր լծակներ մի շարք ստորաբաժանումների ղեկավարների, այդ թվում` որոշ դեկանների հանդեպ, փորձում են նրանց միջոցով ազդել ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամների վրա, որպեսզի վերջիններս հրաժարվեն արհմիության անդամությունից:
Հարգելի՛ համալսարանականներ, առաջիկայում ֆակուլտետների և վարչական ստորաբաժանումների «օպտիմալացման», «արդյունավետության բարձրացման», «վերապատրաստման և ատեստավորման» անվան տակ սպասվում են պրոֆեսորադասախոսական անձնակազմի և աշխատատեղերի զանգվածային կրճատումներ, ինչի արդյունքում ԵՊՀ հարյուրավոր աշխատողներ կանգնած են լինելու աշխատանքը կորցնելու վտանգի առջև:
Կարդացեք նաև
Ակնհայտ է, որ ռեկտորի և իր ներկայացուցիչների այս գործողություններն ունեն մեկ նպատակ՝ ԵՊՀ աշխատողներին աշխատանքից ազատելը դարձնել հնարավորինս հեշտ և անաղմուկ, քանի որ արհմիության անդամ չհանդիսացող աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում արհմիությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ, և արհմիության համաձայնությունն անհրաժեշտ պայման չի լինի, իսկ արհմիության անդամ հանդիսացող աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում անհրաժեշտ է ստանալ արհմիության գրավոր նախնական համաձայնությունը. այն չստանալու դեպքում անհնար կդառնա աշխատողին աշխատանքից ազատելը:
Հարգելի՛ գործընկերներ, կոչ ենք անում դրսևորել միասնականություն, տեղի չտալ ռեկտորի և իր ներկայացուցիչների ճնշումներին և դիմագրավել այս աննախադեպ վարչական ներգործությանը՝ դրանով իսկ երաշխավորելով ձեր արժանապատիվ աշխատելու իրավունքն ու աշխատատեղի պահպանումը: Միաժամանակ հորդորում ենք ռեկտորի և իր ներկայացուցիչների ազդեցությանը ենթարկված որոշ դեկաններին և ստորաբաժանումների ղեկավարներին ուժ և համարձակություն դրսևորել և չկատարել նման ապօրինի հրահանգներ, հակառակ դեպքում՝ ստիպված ենք լինելու հասցեական և անվանական հրապարակայնացնել այսօրինակ գործողություններում ներգրավված անձանց քայլերը և անունները: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ռեկտորի այսօրինակ հրահանգները կատարելը կարող են առաջացնել քրեական պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով։
ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ