Բագրատ Սրբազանն այսօր հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Հայաստանի նախկին վարչապետ եւ ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը նշեց. «Ըստ էության մենք քննարկում ենք ներկա վիճակի առանձնահատկությունները, մարտահրավերները եւ այն քայլերը, որոնք կարող են եթե ոչ չեզոքացնել, գոնե մեղմել այդ մարտահրավերների ազդեցությունը»:
Խոսրով Հարությունյանը, պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է այս ամենը հանգեցնել փոփոխությունների, նշեց. «Նախ պետք է հասկանալ, թե ինչ ասել է փոփոխություններ: Ես կարծում եմ, որ դա առաջին հերթին հետեւողական քայլերի արդյունք պետք է լինի, բայց քիչ հավանական եմ համարում, որ մեկ-երկու շաբաթվա մեջ կարելի է հասնել նման արդյունքի: Մյուս կողմից միանգամայն իրատեսական եմ համարում այս փուլում կարեւոր նպատակ դնելը՝ սահմանազատման կործանարար գործընթացի բեկումը, այն տեղափոխելը միջազգայնորեն ճանաչելի սկզբունքների հիման վրա գործընթացի»:
ՀՀ նախկին վարչապետի կարծիքով, հնարավոր է քաղաքական ուժերի համախմբում. «Այլեւս ակնհայտ է՝ ուղղակի թե անուղղակի աջակցել գործող իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջրաղացին, որի անունը մեր սահմանների անձեռնմխելիության խաթարումն է»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ