«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ ներկայացուցիչներ իրենց ելույթներում Բագրատ սրբազանի մասին խոսելիս նրան պարոն Վազգեն Գալստանյան են կոչում, հիմնավորելով, իբր, եթե սրբազանը սկսել է ակտիվ քաղաքականությամբ զբաղվել, ուրեմն նա հեռացել է իր հոգևոր կոչումից և իրենց կողմից այլևս չի ընդունվում որպես հոգևորական։ Խնդիրն այն է, որ այս ամենի կողքին էլ այդ մարդիկ չեն զլանում իրենց անվանել Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) հետևորդներ։
Ի գիտություն բոլոր այդպես մտածողների պետք է հիշեցնեմ, որ հոգևորականը դադարում է կրել իր հոգևոր անունը միայն այն դեպքում, երբ նա Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվում։
Ուզում եմ մի զուգահեռ անցկացնեմ նմանատիպ երևույթների հետ կապված։ Հարգելի «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության որոշ ներկայացուցիչներ, համախոհներ, հասկանալի է թե իրականում ինչու եք դուք այդպես վարվում, բայց համաձայնեք, որ նույն տրամաբանությամբ են շարժվում նաև նրանք, ովքեր ձեզ թուրք են անվանում։ Նրանք էլ հիմնավորում են դա նրանով, որ դուք ազգությամբ հայ քրիստոնյա լինելով՝ Ազգային Ժողովում ընդունում եք հակաքրիստոնեական ու հակաեկեղեցական օրենքներ, որոշ դեպքերում նրանք ավելի հեռուն են գնում՝ ձեզ մեղադրում են թշնամի պետությունների շահերը սպասարկող քաղաքականություն վարելու մեջ։
Թէև Հայաստանի Հանրապետության վարչապետը հիասթափեցրեց բոլորին, հայտարարելով, որ ինքը չի վիրավորվում, երբ իրեն թուրք են անվանում, բայց ես չեմ հավատում դրան, չի կարող այդպիսի բան լինել, իսկական հայը կվիրավորվի նույնիսկ եթե իրեն որևէ ցանկացած այլ ազգի ներկայացուցիչ անվանեն, ինչպես նաև թուրքն ու քուրդը կվիրավորվեն, եթե նրանց այլ ազգի ներկայացուցիչ անվանեն, սա բնական հոգեվիճակ է բոլոր ազգերի հայրենասերների ու ազգասերների համար։
Կարդացեք նաև
Ձեզ թուրք անվանողներն էլ են մտածում, որ եթե դուք կտրվել եք հայությունից ու կորցրել ձեր հայկական էությունը, ուրեմն էլ ի՞նչ հայ։ Հետևաբար, այն մարդիկ, ովքեր վարչապետին ու նրա թիմին թուրք են անվանում՝ սխալվում են ճիշտ այն տրամաբանությամբ, որ տրամաբանությամբ սխալվում են նրանք, ովքեր Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին պարոն Վազգեն Գալստանյան են կոչում։
Առանց անուններ նշելու՝ ասեմ նաև, որ քաղաքական դաշտում գործող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին ընդհանրապես հակացուցված է Հայ Առաքելական Եկեղեցու ու նրա սպասավորների մասին քննադատական խոսքեր հնչեցնելը։ Եթե ՀԱԵ կամ հոգևոր սպասավորները քննադատության արժանի արարքներ գործեն, ապա առանց ձեզ էլ շատ հայ քրիստոնյաներ դա սիրով անում են ու կանեն։ Պիտի ասեք, մենք էլ ենք ՀՀ քաղաքացիներ և իրավունք ունենք կարծիք հայտնելու, կասեմ այո, դուք լիարժեք ՀՀ քաղաքացիներ եք և կառուցողական քննադատության իրավունք ունեք, դա ձեզ միայն պատիվ կարող է բերել, սակայն ՀԱԵ քննադատելու քաղաքացիական իրավունք ունենալով հանդերձ՝ բարոյական իրավունք չունեք, իսկ ես որքան հասկանում եմ Հայաստանում բնակվող բոլոր ազգային փոքրամասնությունները իրավունքներից ու պարտականություններից բացի՝ օժտված են նաև բարոյական արժեքներով և պետք է խնդրեմ ձեզ, որ մեր հոգևոր սպասավորների ու Հայ Առաքելական եկեղեցու մասին կամ մի խոսեք կամ խոսեք հարգանքով, ինչպես մենք վարվում ենք ձեր հավատքի ու ձեր հոգևոր առաջնորդների նկատմամբ։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ