ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանի ֆեյսբուքյան գրառում
Բելառուսի բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել է Ադրբեջան: Հաշվի առնելով Մինսկի եւ Բաքվի ռեժիմների բնույթն ու էությունը, երկկողմ սիրառատ հարաբերություններն առավել քան տրամաբանական են: Երկու տրակտորով Շուշի ժամանած Բելառուսի բռնապետի` Ալիեւյան գերդաստանի հասցեին հնչեցրած հիացական տեքստերը` ինչ խոսք, Հայաստանի ու հայերի գործը չէ, սակայն որեւէ երկրի ղեկավարի կողմից հրապարակային կերպով բարբարոս որակվելու փաստն անպատասխան թողնելն անթույլատրելի է:
Պաշտոնական Երեւանը պետք է հրապարակային կերպով արձագանքի այս վարքագծին` հստակեցնելով նման պահվածքի անթույլատրելիությունը: Իր քաղաքացիներին դաժանաբար լռեցնել/սպանելու, երկիրն ամբողջապես Ռուսաստանին հանձնելու ճանապարհով իշխանություն պահած ինքնահավան բռնապետի մուտքը Հայաստան պետք է արգելել, քանի դեռ բացատրություն չի տրվել ասվածի վերաբերյալ: