Մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես «լուծվեց» Ոսկեպարի հարցը` ոսկեպարցիների, եւ ինչպես պատահեց, որ Կիրանցը հայտնվեց ամենածանր վիճակում: Թեպետ «լուծում» ասվածն էլ հարաբերական է, որովհետեւ տեղեկություններ կան, որ որոշ ժամանակ անց, երբ պայքարը մարի, հնարավոր է Փաշինյանն Ադրբեջանին տրամադրի նաեւ Ոսկեպարից որոշ հատվածներ։
Ինչեւէ, պատմում են, որ առաջին փակ հանդիպման ժամանակ Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանն առաջարկել է գյուղի մեջ մտնող «եռանկյունի սեպի» հատվածը, որը պետք է, ըստ առաջին տարբերակի, վերադարձվեր Ադրբեջանին, փոխանակել Ոսկեպարի անկլավով: Այսինքն, սեպը սեպով փոխանակեն, քանի որ այդ տարբերակով ո՛չ ադրբեջանցիներն են կարողանալու լիարժեք օգտագործել իրենց ստացած տարածքները, ո՛չ հայերը: Սկզբում այս առաջարկին կոշտ են արձագանքել, թե Ադրբեջանը ոչ մի նոր տարբերակ չի ուզում քննարկել, հետո գնացել մտածել են եւ հանձնաժողովների հետագա հանդիպումների ժամանակ այս առաջարկը եւս ներկայացրել են ադրբեջանցիներին, որը, ըստ իշխանական աղբյուրների, զարմանալիորեն ընդունվել է նրանց կողմից:
Թեեւ ամենեւին չի բացառվում, որ Փաշինյանը խորամանկորեն ոսկեպարցիների գլխի տակ փափուկ բարձ է դնում, որ չմիանան կիրանցեցիների պայքարին, որ հարեւան գյուղերին տարանջատի եւ նրանց իրար դեմ հանի, եւ ամեն մեկը փորձի իր հարցն անջատ լուծել: Իսկ այս պահին ոսկեպարցիներն ավելի ուժեղ են գտնվել, կիրանցիները` ոչ այնքան: Բայց սա նաեւ վկայում է այն մասին, որ բանակցությունները միշտ կարող են արդյունք տալ, եթե ՀՀ իշխանությունը վախի ազդեցությամբ չհամաձայնի Ալիեւի բոլոր պահանջներին, այլ դիմադրի, բանակցի, իր շահերը կարողանա պաշտպանել: Ուշագրավ է նաեւ այն, որ չնայած հայտարարել են, թե սահմանազատման գործընթացը Տավուշում ավարտվել է, եւ արձանագրությունն էլ ստորագրել են, սակայն կառավարությունը չի հրապարակում սահմանազատված տարածքի տոպոգրաֆիկ քարտեզ։
Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը երեկ հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, թերեւս գոհ են իրավիճակից եւ չեն ուզում ավելորդ սրել անզգույշ հայտարարությամբ: Ոսկեպարցի պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանն էլ ասաց, որ, ըստ այսօրվա իրավիճակի, սահմանն անցնելու է գետի վերեւով, իսկ, այսպես կոչված, եռանկյունին փոխանակվելու է Ոսկեպարի անկլավի հետ․ «Եկեղեցին էլ 120 մետր է հեռու լինելու, թե ոնց փոխվեց` ես չգիտեմ, հանդիպմանը Փաշինյանն էր ասել գյուղացիներին»։
Կարդացեք նաև
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը հաստատեց, որ Ոսկեպարի սահմանազատումը նախնական տարբերակից փոփոխվել է: Թե ինչպես եւ ինչ հանգամանքներում, չի կարող ասել. «Այս պահի դրությամբ գետի բերանով է սահմանն անցնում, ճանապարհը մնում է, բայց թե վաղն ինչ կլինի, իրենք էլ չեն երաշխավորում։ Որ վաղը պահանջ ներկայացնեն, ոչ մեկը չի կարող ասել, թե չեք կարող կատարել»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում